Ռուսաստանցիների շրջանում հանրահայտ Նյաչանգ հանգստավայրում (Խանհոա նահանգ) ՌԴ քաղաքացի է դատապարտվել՝ տեղի բնակչուհու գույքը հափշտակելու մեղադրանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հոշիմինում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից։

«Խանհոա նահանգի դատարանը դատապարտել է Ռուսաստանի ևս մեկ քաղաքացու։ Ինչպես պարզել է քննությունը, ռուսաստանցին, որը Վիետնամ էր ժամանել որպես զբոսաշրջիկ 2025 թվականի վերջին, արդեն այս տարվա հունվարին սկսել է զբաղվել հակաիրավական գործունեությամբ և մոտոցիկլետ է գողացել տեղի բնակչուհուց»,- հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։

Պատժի ժամկետի ավարտից հետո ՌԴ քաղաքացին կարտաքսվի Վիետնամից, և նրան թույլ չեն տա մուտք գործել երկիր։

Ինչպես նշել է Հոշիմինում ՌԴ գլխավոր հյուպատոս Տիմուր Սադիկովը, Ռուսաստանից դեպի Վիետնամ զբոսաշրջային հոսքի աճին զուգահեռ ավելանում է ոչ միայն ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ պատահարների, այլև նրանց կողմից կատարվող իրավախախտումների թիվը։

Այս պահին Խանհոա նահանգի քննչական մեկուսարանում դատավարության են սպասում Ռուսաստանի մի քանի քաղաքացիներ, հավելել է դիվանագետը։ Նա հիշեցրել է, որ այս տարվա մարտին նահանգային դատարանը մեղադրական դատավճիռ էր կայացրել ՌԴ մեկ այլ քաղաքացու նկատմամբ՝ նրան դատապարտելով երեք տարվա ազատազրկման (թմրամիջոցների ապօրինի պահման և օգտագործման համար)։

Source: https://news.am/hy/news/1039611