ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգնականների և դաշնակիցների հետ մասնավոր զրույցներում ավելի ու ավելի հաճախ է հարցնում, թե կարող է արդյոք փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դառնալ Հանրապետական կուսակցության լիարժեք առաջնորդը և ներկա ժամկետի ավարտից հետո հաջողությամբ պայքարել Սպիտակ տան համար, գրել է The New York Times-ը։

Ինչպես նշել է պարբերականը, Թրամփը սովորաբար ինքն է պատասխանում այդ հարցին՝ խոստովանելով, որ առայժմ վստահ չէ իր տեղակալի հեռանկարների հարցում։

Միևնույն ժամանակ, խոսքը Վենսի նկատմամբ վստահության կորստի մասին չէ։ Թերթի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ նախագահը շարունակում է նրան ներգրավել կարևոր որոշումների ընդունման գործընթացում, նրան տրամադրում է նշանակալի հրապարակային հարթակներ՝ 2028 թվականի ընտրություններից առաջ քաղաքական կշիռն ամրապնդելու համար, և նրան դիտարկում է որպես քաղաքական հակառակորդների դեմ պայքարում առանցքային դաշնակիցներից մեկը։

Նախարարների կաբինետի վերջին նիստերից մեկի ժամանակ Թրամփը նույնիսկ Վենսին համեմատել է լեգենդար դաշնային գործակալ Էլիոթ Նեսի հետ, որը հայտնի է դարձել «չոր օրենքի» ժամանակ կազմակերպված հանցավորության դեմ պայքարով։

Նախագահը գովել է փոխնախագահին այն աշխատանքի համար, որը նա կատարել է՝ ենթադրյալ խարդախության դեպքերն այն նահանգներում բացահայտելու համար, որտեղ իշխանությունը հիմնականում գտնվում է դեմոկրատների ձեռքում։

Source: https://news.am/hy/news/1039667