Իրանի կողմից, ենթադրաբար, Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազային հասցված հրթիռային հարվածի հետևանքով վիրավորվել են մի քանի ամերիկացի զինծառայողներ և կապալառուներ, հայտնել է Bloomberg գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քուվեյթի հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է Fateh-110 տեսակի բալիստիկ հրթիռ։

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ վնասվածքները թեթև բնույթի են եղել և առաջացել են հրթիռը որսալուց հետո ընկած բեկորների հետևանքով։

Հաղորդվել է նաև բազայի տարածքում գտնվող երկու MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերի լուրջ վնասների մասին։

Ալի ալ-Սալեմ ավիաբազան օգտագործվում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական զորախմբի կողմից։

Միջադեպի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության թիմի հետ և հայտնել է, որ մտադիր է «վերջնական որոշում» կայացնել Իրանի՝ հնարավոր 60-օրյա հրադադարի առաջարկի վերաբերյալ։

Bloomberg-ի տվյալներով՝ քննարկվող նախաձեռնությունը ենթադրում է ժամանակավոր հրադադար, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսում և սահմանափակումների մասնակի մեղմացում, այդ թվում՝ Հորմուզի նեղուցով նավարկության հարցով։

Source: https://news.am/hy/news/1039682