Արևմտյան Եվրոպայի ֆոնդային ինդեքսները հինգշաբթի նվազել են, բացառություն է կազմել իտալական ցուցիչը։
Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների համախառն Stoxx Europe 600 ինդեքսը նվազել է 0,49%-ով՝ հասնելով 625,11 կետի։
Բրիտանական FTSE 100-ը կորցրել է 0,75%, գերմանական DAX-ը՝ 0,34%, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,23%, իսպանական IBEX 35-ը՝ 0,55%։ Իտալական FTSE MIB-ն աճել է 0,5%-ով։
Ներդրողների տրամադրությունների վրա բացասական ազդեցություն են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածների մասին հաղորդագրությունները, որոնք թուլացրել են ամերիկա-իրանական հակամարտության շուտափույթ կարգավորման հույսերը։
ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները հինգշաբթի գիշերը խոցել են իրանական չորս անօդաչու թռչող սարք և հարված հասցրել Բենդեր-Աբբասում գտնվող ցամաքային կառավարման կայանին։ Ի պատասխան ԱՄՆ-ի այս գործողությունների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը հարձակվել են ամերիկյան ավիաբազայի վրա, հաղորդել են իրանական լրատվամիջոցները։
Միևնույն ժամանակ, ավելի ուշ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը համաձայնեցրել են հրադադարի երկարաձգումը երկու ամսով։ Ենթադրվում է, որ այս ընթացքում կապահովվի նավերի ազատ անցումը Հորմուզի նեղուցով, իսկ Իրանը կմաքրի նեղուցը ականներից։ Պարբերականը հայտնել է, որ համաձայնագիրը պետք է հաստատվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
Մերձավորարևելյան շարունակվող հակամարտության ֆոնին էներգակիրների թանկացումը ուժեղացնում է համաշխարհային գնաճային ճնշումը, ինչը նպաստում է աշխարհի առաջատար կենտրոնական բանկերի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման սպասումների աճին։
Էներգետիկ շոկի հետևանքները գնաճի համար, հավանաբար, կպահպանվեն նույնիսկ տարածաշրջանում արագ կարգավորման դեպքում, հինգշաբթի հայտարարել է ԵԿԲ գլխավոր տնտեսագետ Ֆիլիպ Լեյնը։
«Մենք բախվել ենք համաշխարհային նավթի մատակարարումների կտրուկ և լայնածավալ կրճատման, որի հետևանքները առայժմ մեղմացվել են պաշարների հաշվին, - ասել է նա Ճապոնիայի բանկի կազմակերպած համաժողովում։ - Նույնիսկ եթե սկզբնական շոկը սկսի թուլանալ, դրա երկրորդային ազդեցությունները դեռ որոշ ժամանակ կզգացվեն»։
Stoxx Europe 600-ի բաղադրիչների մեջ ամենաակտիվ անկումն արձանագրել են Dassault Systemes (-5,7%), Siemens Energy (-4,4%), Adyen (-4%), Autotrader (-3,9%) և Rightmove (-3,6%)։
Համախառն ինդեքսում աճի առաջատարներն են դարձել պաշտպանական ոլորտի Saab (+7,4%), Hensoldt (+5,9%), Renk Group և Leonardo (+5,4%) ու Indra Sistemas (+5,3%) ընկերությունները։
Պաշտպանական ճյուղի այլ մատակարարների արժեթղթերը նույնպես թանկացել են, այդ թվում՝ Rheinmetall (+4,2%), Babcock International (+4,1%), BAE Systems և Thales (+2,7%), ինչպես նաև Rolls-Royce (+1,3%)։
Ֆրանսիական չիպարտադրող Soitec-ի բաժնետոմսերի գինը թռիչքային աճով բարձրացել է 24,6%-ով՝ նրա տարեկան հաշվետվությունից հետո։ Ընկերությունը մարտի 31-ին ավարտված ֆինանսական տարում 34%-ով կրճատել է հասույթը, սակայն ցուցանիշը գերազանցել է շուկայի սպասումները։
Կիսահաղորդչային արտադրանքի այլ արտադրողների թվում Infineon Technologies-ը մեծացրել է կապիտալիզացիան 4,4%-ով, BE Semiconductor Industries-ը՝ 4,1%-ով, STMicroelectronics-ը՝ 3,1%-ով, ASML Holding-ը՝ 1,1%-ով։
Բրիտանական հեռահաղորդակցական BT Group ընկերության շուկայական արժեքը նվազել է 3,5%-ով այն բանից հետո, երբ Financial Times թերթը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է դեմ հանդես գալ հնդիկ միլիարդատեր Սունիլ Բհարտի Միտտալի՝ BT-ում բաժնեմասն ավելացնելու ցանկացած փորձի։
Ֆրանսիական ավտոմոբիլային անվադողեր արտադրող Michelin-ի բաժնետոմսերի գինը նվազել է 0,7%-ով։ Ընկերությունը հայտարարել է Ֆրանսիայում անձնակազմի կրճատման եռամյա ծրագրի մասին, որը կարող է ազդել մինչև 1,5 հազար աշխատակցի վրա։
Source: https://news.am/hy/news/1039270
World
Եվրոպական բաժնետոմսերի շուկաները փակվել են անկմամբ՝ բացառությամբ իտալականի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։