Ամենատարբեր քաղաքական ուժեր ներկայացնող իսրայելցի խորհրդարանականները խիստ քննադատության են ենթարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լիբանանում հրադադարի մասին, հաղորդում է CNN-ը։

Ծայրահեղ աջակողմյան ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը, որը վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիայի հանգուցային մասնակիցներից է, հայտարարել է, որ եկել է ժամանակը «հանելու սահմանափակումները մեր մարտիկներից» և ուժեղացնելու «Հըզբոլլահի» վրա հարձակումները։ «Հիմա հենց այն ժամանակն է, որ մեր ընկերոջը՝ նախագահ Թրամփին, ասենք՝ «Ո՛չ»»,- գրել է Բեն-Գվիրն իր սոցիալական ցանցերում։

Աջակողմյան ընդդիմադիր օրենսդիր Ավիգդոր Լիբերմանը, որը Նեթանյահուի կառավարությունում նախկինում զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, «անընդունելի» է անվանել այն փաստը, որ Իսրայելը հարվածներ չի հասցրել Բեյրութին։ «Զինվորները վիրավորվում են, զոհվում, իսկ Իսրայելի վարչապետը սպասում է Թրամփի հավանությանը, նախքան Դահիան ռմբակոծելը»,- հայտարարել է Լիբերմանը՝ նկատի ունենալով Բեյրութի հարավում գտնվող առավելապես շիաբնակ արվարձանը։

Իր հերթին նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը, բնութագրելով երկրում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ ներկայիս «կառավարությունը կորցրել է վերահսկողությունը Իսրայելի ինքնիշխանության նկատմամբ»։

Source: https://news.am/hy/news/1040105