Թրամփի վարչակազմը ծրագրում է հրաժարվել «պետական մարմինները քաղաքական նպատակներով օգտագործելու (գործիք դարձնելու) դեմ պայքարի» 1,8 միլիարդ դոլար ծավալով սկանդալային հիմնադրամի (weaponization fund) ստեղծումից։ Այս հիմնադրամը նախագահի հայցում էր այն անձանց փոխհատուցումներ վճարելու համար, որոնք, նրա կարծիքով, իր նախորդի օրոք կանխակալ դատական հետապնդումների զոհ են դարձել։ Դրա մասին Axios պարբերականին հայտնել են վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Ներկա պահին այդ նախագիծը մեռած է»,- հայտարարել է աղբյուրներից մեկը։
Թրամփի առաջարկը, որը քննադատները հավասարեցրել էին հողին՝ անվանելով այն քաղաքական «սև դրամարկղ» (slush fund)՝ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի համար դատապարտված անձանց ֆինանսավորելու համար, երկկուսակցական դիմադրություն է առաջացրել ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում, չնայած այն հանգամանքին, որ երկու մարմիններն էլ վերահսկում են հանրապետականները։
Հիմնադրամի ստեղծման ծրագիրն առաջացել էր Թրամփի և ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության (IRS) միջև դատական վեճի կարգավորման շրջանակում։
Ավելի վաղ Թրամփը և նրա ընկերությունը 10 միլիարդ դոլարի հայց էին ներկայացրել IRS-ի դեմ՝ 2019 և 2020 թվականների իր հարկային հայտարարագրերի վերաբերյալ տվյալների արտահոսքի պատճառով, որը թույլ էր տվել գերատեսչության նախկին կապալառուն։
Անցյալ ամիս կողմերը համաձայնության էին եկել. Թրամփը հետ է վերցնում իր հայցը՝ ի պատասխան 1,8 միլիարդ դոլարի չափով «պետական մարմինների քաղաքականացման դեմ պայքարի» հիմնադրամի ստեղծման։ Այդ միջոցները նախատեսված էին պետության չարաշահումների վերաբերյալ հայցերը բավարարելու համար, ընդ որում՝ Թրամփի վարչակազմը կարող էր բաշխել դրանք գրեթե առանց որևէ արտաքին վերահսկողության։ Բացի դրանից, համաձայնագիրը Թրամփին երաշխավորում էր լայն անձեռնմխելիություն IRS-ի կողմից հետագա հարկային ստուգումներից։
Այդ ծրագիրը խիստ քննադատության է ենթարկվել Կապիտոլիումում դժգոհություն առաջացնելով նույնիսկ նախագահին հավատարիմ որոշ հանրապետականների շրջանում։ Ըստ երկու աղբյուրների՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը ծրագրում էր բարձրացնել տվյալ հիմնադրամի հարցը Սպիտակ տանը Թրամփի հետ անձնական հանդիպման ժամանակ։
Ի՞նչն է դրդել Սպիտակ տանը նման որոշում ընդունել
Սպիտակ տանը հիմնադրամից հրաժարվելու մասին քննարկումներն ակտիվացել են, երբ ուրբաթ երկու դաշնային դատավորներ հանդես են եկել այդ նախաձեռնության դեմ.
ԱՄՆ շրջանային դատավոր Լեոնի Մ. Բրինկեման (Վիրջինիա նահանգի Արևելյան շրջան) կասեցրել է այդ հիմնադրամից որևէ միջոցների վճարումը:
ԱՄՆ շրջանային դատավոր Քեթլին Ուիլյամսը (Ֆլորիդա նահանգի Հարավային շրջան) հայտարարել է պաշտոնական հետաքննություն սկսելու մասին: Հատկանշական է, որ հենց Ուիլյամսն էր վարում հարկային տեղեկատվության չարտոնված բացահայտման գործով IRS-ի դեմ Թրամփի և Trump Organization-ի սկզբնական հայցը:
«Մենք ծրագրում ենք հարգել դատարանների որոշումները»,- հայտարարել է վարչակազմի պաշտոնյաներից մեկը։
«Սա սկսեց չափից շատ շեղել ուշադրությունը,- հավելել է Սպիտակ տան երկրորդ ներկայացուցիչը։- Նախագահը համոզված է, որ պետական մեքենան օգտագործվել է որպես զենք մարդկանց դեմ, և խոսքը միայն իր մասին չէ։ Բայց հիմա այդ մեխանիզմի համար ո՛չ ժամանակն է, ո՛չ էլ տեղը»։
Թրամփի վարչակազմում ոչ մի բանում չի կարելի վստահ լինել, քանի դեռ այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել կամ քանի դեռ նախագահն անձամբ չի ասել դրա մասին: «Այս պահին ծրագիրը նախագիծը սառեցնելն է։ Բայց նախագահին դուր է գալիս այս հիմնադրամը, նա հավատում է դրան։ Այնպես որ, վերջնականապես ոչինչ որոշված չէ, քանի դեռ վերջակետ չի դրվել»,- ընդգծել է աղբյուրներից մեկը։
Պաշտոնատար անձանց կարծիքները տարբերվում են այն հարցում՝ արդյոք Սպիտակ տան աշխատակիցները տեղյակ եղե՞լ են այդ հիմնադրամի ստեղծման մասին։
Աղբյուրներից մեկը պնդում է, որ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցել են նախագահի իրավաբանների և Արդարադատության նախարարության միջև ընթացող քննարկումներին, որն էլ հենց հիմնադրում էր հիմնադրամը։
«Դա ճիշտ չէ,- Axios-ին տված հարցազրույցում առարկել է վարչակազմի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա:-[Սպիտակ տան] Արևմտյան թևի համար դա լիակատար անակնկալ էր»։
Source: https://news.am/hy/news/1040106
World
Սպիտակ տունը պատրաստ է հրաժարվել Թրամփի 1,8 միլիարդ դոլարանոց հիմնադրամից. Axios
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։