Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են նախագահ Դոնալդ Թրամփին «կարմիր ճամպրուկի» (red box) պատճենը նվիրելու հնարավորությունը, որը Մեծ Բրիտանիայում օգտագործվում է պաշտոնական փաստաթղթեր և գաղտնի ֆայլեր տեղափոխելու համար։ Դա տեղի է ունեցել ընդամենը մի քանի շաբաթ առաջ այն բանից, երբ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Մանդելսոնն ազատվեց իր պաշտոնից, գրում է Newsweek-ը։
Սեր Օլլի Ռոբինսը, որը ղեկավարում էր Ֆորին օֆիսը (Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը) 2025 թվականից մինչև այս տարվա սկիզբը, գործընկեր պետական ծառայողներին հայտարարում էր, որ «լիովին ակնհայտ է. նվերներից մեկը, որն ամենից շատ նշանակություն կունենա Թրամփի համար», կդառնա կարմիր ճամպրուկի անվանական պատճենը՝ պատրաստված հատուկ նախագահի համար։ Դրա մասին է վկայում երկուշաբթի հրապարակված էլեկտրոնային նամակագրությունը։
Կարմիր ճամպրուկները (երբեմն դրանք անվանում են նախարարական պորտֆելներ) օգտագործում են բրիտանացի կառավարական պաշտոնյաներն ու նախարարները՝ կարևոր փաստաթղթերի և գաղտնի տեղեկությունների անվտանգ փոխադրման համար։
Թրամփի համար նախատեսված նվեր-ճամպրուկը պետք է ունենար ոսկե զինանշան և բնօրինակները նմանակող մակագրություն, սակայն արտաքին կողմում «Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ» փորագրությամբ, գրել է Ռոբինսը 2025 թվականի օգոստոսի 26-ի էլեկտրոնային նամակում։
«Ես վստահ եմ, որ դուք արդեն առնվազն մեկ անգամ առնչվել եք այս հարցին, բայց կարո՞ղ եմ որևէ բանով օգնել,- այն ժամանակ հավելել է Ռոբինսը։- Ես վստահ չեմ, որ հավասարակշռությունը ճիշտ է պահպանված»։
Առաջարկվող նվերը քննարկել են մի քանի բարձրաստիճան պետական ծառայողներ, ներառյալ Դեվիդ Թինլայնը, որը ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա փոխդեսպան Ջեյմս Ռոսկոյին ուղղված նամակում (նույնպես օգոստոսի 26-ի թվագրմամբ) հայտնել է, որ ճամպրուկը գտնվում է «արտադրության մեջ՝ նախագահական կնիքով»։
Դրանից ընդամենը մի քանի րոպե առաջ Ռոսկոն Թինլայնին հաղորդագրություն էր ուղարկել այն մասին, որ, դատելով նամակներից մեկից, ճամպրուկի պատրաստման արժեքը «առևտրային տեսանկյունից գնահատվել է», իսկ ինքը՝ ճամպրուկը, նախագծվել է, սակայն անհայտ էր մնում՝ այն արդեն պատրաստ էր, թե ոչ։
Ինչո՞ւ են այս նամակները հայտնվել միայն հիմա
Այս նամակագրությունը հրապարակել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկուշաբթի՝ Վաշինգտոնում բրիտանական դեսպանի պաշտոնում Մանդելսոնի նշանակմանն առնչվող ավելի քան 1000 նոր էջ փաստաթղթերի հրապարակման շրջանակում:
Բրիտանացի օրենսդիրները Մանդելսոնի նշանակմանը վերաբերող փաստաթղթերի բացահայտման օգտին քվեարկել էին դեռևս փետրվարին: Նախկին դեսպանին առնչվող փաստաթղթերի առաջին մասը հրապարակվել էր մարտին:
Մանդելսոնն այս գործընթացն անվանել է «սագա»
2025 թվականի օգոստոսի 26-ին Մորգան Մաքսվինիին (որն այդ ժամանակ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը) ուղարկված մեկ այլ էլեկտրոնային նամակում Մանդելսոնը դժգոհում էր, որ այս «սագան շարունակվում է»՝ հավելելով. «Սա հիշեցնում է «Իրադարձությունների հորձանուտում» (The Thick of It) սերիալը»:
«Իրադարձությունների հորձանուտում» ֆիլմը բրիտանական երգիծական հեռուստասերիալ է քաղաքականության մասին, որի գործողությունները ծավալվում են Մեծ Բրիտանիայի հորինված կառավարական դեպարտամենտում և պատմում են նախարարների, չինովնիկների ու հատուկ խորհրդականների կյանքի մասին:
«Ես արդեն խելագարվում եմ դրանից»,- հավելել է Մանդելսոնը՝ օգտագործելով բրիտանական սլենգային «go tonto» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ այս հարցը նրան հունից հանել է:
Մանդելսոնն ազատվել էր ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի բարձրագույն դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնից 2025 թվականի սեպտեմբերին՝ վարկաբեկված ֆինանսիստ և սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի հետ իր կապերի պատճառով: Այս տարվա փետրվարին նա դուրս եկավ Մեծ Բրիտանիայի կառավարող Լեյբորիստական կուսակցության կազմից։
Մորգան Մաքսվինին հրաժարական տվեց Սթարմերի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ օրենսդիրները քվեարկեցին փաստաթղթերի հրապարակման օգտին: Այդ ժամանակ պարզվեց, որ հենց ինքն է հանդես եկել նրա օգտին, որ բրիտանացի առաջնորդը նշանակի Մանդելսոնին: Ավելի ուշ Մաքսվինին հայտարարեց, որ իր հանձնարարականում «լուրջ սխալ» է թույլ տվել։
Ռոբինսն ազատվել էր Ֆորին օֆիսի ղեկավարի պաշտոնից հաջորդ ամիս, երբ Սթարմերի գրասենյակը հայտարարեց, որ Մանդելսոնը դեսպան նշանակվելու համար անհրաժեշտ վեթինգի ընթացակարգը չի անցել, սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետը դրա մասին տեղյակ չի պահվել:
Source: https://news.am/hy/news/1040109
World
Ինչպես Թրամփի համար նախատեսված նվերը քիչ է մնացել հունից հանի բրիտանացի պաշտոնյաներին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։