Դոնալդ Թրամփը պնդում է, թե կատարելապես տիրապետում է «Գործարք կնքելու արվեստին», սակայն այժմ նա մեզ բանակցային անիրազեկության վարպետության դաս մատուցեց։ Թրամփը հետ ջուրը լցրեց այդ բոլոր ջանքերը։ Նրա շողոքորթների կաբինետը գրեթե ոչ մի դիմադրություն ցույց չտվեց, երբ նախագահը միամտորեն որոշեց նախ ռմբակոծել, իսկ արդեն հետո բախվեց իրականությանը, գրում է Guardian-ը։
Այժմ Թրամփն ուսումնասիրում և լրամշակում է փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը կազմել են ամերիկացի և իրանցի դիվանագետները՝ Պակիստանի և Կատարի աջակցությամբ։ Փաստաթուղթը նախատեսում է ընթացիկ հրադադարի ռեժիմի երկարաձգում 60 օրով, քանի դեռ ընթանում են ավելի մշտական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այդ նախնական համաձայնության հստակ ուրվագծերն անհայտ են, սակայն դրա էությունը պարզ է, և դա սոսկալի խայտառակություն է Թրամփի համար։ Նրա չհրահրված «ընտրովի պատերազմը» բացարձակապես ոչնչի չհասավ։ Հրատապ կերպով նոր մոտեցում է անհրաժեշտ։
Թրամփի դրության ամբողջ բարդությունը գնահատելու լավագույն միջոցը այն համեմատելն է նրա հետ, ինչին հնարավոր կլիներ հասնել նվազ ռազմատենչ մոտեցման դեպքում։ Թրամփը հայտարարում է, թե ցանկանում է Իրանին զրկել միջուկային զենքից, սակայն Թեհրանը բազմիցս հրապարակայնորեն հրաժարվել է այդ նպատակից։ Փոխարենը՝ իրական հարցը (հաշվի առնելով Իրանի կրոնական առաջնորդների հանդեպ համատարած անվստահությունը) նրանում է, թե ինչպես արգելել նրանց ստանալ ռումբ ստեղծելու միջոցներ։
Հենց դա էլ արեց 2015 թվականին իրանցիների հետ Բարաք Օբամայի գործարքը։ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) սահմանափակեց նրանց միջուկային ծրագիրը և միջազգային խիստ տեսչական ստուգումներ սահմանեց։ Դրանում պարունակում էին կետեր սահմանափակումների ժամկետների ավարտի մասին, սակայն դրանք հնարավոր էր երկարաձգել հաջորդող համաձայնագրով։ Ընդսմին, Թրամփը դուրս եկավ այդ պայմանագրից 2018 թվականին՝ խոստանալով ստիպել Իրանին գնալ «ավելի լավ գործարքի»։ Դա արդյունավետ չեղավ։
Այժմ Թրամփը հայտնվել է կոտրած տաշտակի առջև։ Նա նորից փորձում է համոզել Իրանին սահմանափակել հարստացման ծրագիրը և արտահանել կամ նոսրացնել իր հարստացված ուրանը. այլ խոսքով՝ անել այն, ինչին Թեհրանն արդեն համաձայնել էր Օբամայի օրոք։ Դա ընթացիկ տարվա փետրվարին բանակցությունների առարկա էր, սակայն Թրամփը կտրուկ դադարեցրեց դրանք՝ ընտրություն կատարելով հօգուտ պատերազմի։
Թրամփը հույս ուներ կոտրել Իրանին ռմբակոծություններով և պատժամիջոցներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պնդմամբ՝ ամերիկյան և իսրայելական ռմբակոծիչները փորձեցին «գլխատել» վարչակարգը՝ հուսալով ավելի զիջող հաջորդի հայտնվելու կամ նույնիսկ ժողովրդական ապստամբության վրա։ Ինչ-որ պահի Թրամփն հասավ այնպիսի գոռոզության, որ անվերապահ կապիտուլյացիա պահանջեց:
Բայց իրանցի առաջնորդների, նրանց թվում՝ նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը միայն ամրապնդեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված արմատականների իշխանությունը։
Թրամփը չուներ «Բ» պլան։ Նա պնդում էր, թե ոչնչացրել է Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի պոտենցիալը։ Փոխարենը՝ նա զգալիորեն սպառեց ԱՄՆ-ի զենքի պաշարները՝ անձեռնմխելի թողնելով իրանական զինանոցի մեծ մասը, իսկ քաոս սերմանելու նրա կարողությունը՝ զգալի։
Թրամփը նաև Հորմուզի նեղուցը տեսական զենքից վերածեց իրականի, որը, թերևս, ավելի հզոր է, քան միջուկային ռումբը, քանի որ այն կիրառելն ավելի հեշտ է։ Հաշվի առնելով, որ մինչև պատերազմը նեղուցով էր անցնում համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի (ինչպես նաև պարարտանյութերի, ծծմբի և հելիումի) մատակարարումների մեկ հինգերորդ մասը, նեղուցի փակման տնտեսական հետևանքները երկարաժամկետ բնույթ ունեն։ Իրանցիներն ուժեղացրին ազդեցությունը՝ հարվածներ հասցնելով Պարսից ծոցի արաբական պետությունների նավթագազային օբյեկտներին։
Իրանցիները Թրամփին սեղմել են պատին։ Նա ձևացնում է, թե իրեն չեն հուզում նոյեմբերյան միջանկյալ ընտրությունները, սակայն բոլորն էլ տեսնում են. բենզինի աճող արժեքը և գնաճային ճնշումը նշանակում են, որ, չնայած ընտրատարածքների սահմաններին առնչվող բոլոր մանիպուլյացիաներին, հանրապետականները, ամենայն հավանականությամբ, ջախջախիչ պարտություն կկրեն։
Ուստի Թրամփը տարված է նեղուցի բացմամբ, որպեսզի վերականգնվեն նավթի և գազի մատակարարումները։ Մինչդեռ նա հետաձգում է հիմնական միջուկային հարցերը, թեև հենց դրանք էին այս հակաարդյունավետ պատերազմի պատրվակը։ Ըստ հաղորդումների՝ հուշագրի նախագծում Իրանը կրկին կհայտարարի միջուկային ռումբ ստեղծելու մտադրության բացակայության մասին, սակայն դրա համար անհրաժեշտ միջոցներից նրան զրկելու հանգուցային հարցը (հարստացման սահմանափակումը և բարձր հարստացված ուրանի չեզոքացումը) կհետաձգվի հետագա քննարկման համար։
Մյուս հարցերը, որոնք Թրամփն անվանում էր պատերազմի պատճառներ, ինչպիսիք են Իրանի բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագիրը և նրա աջակցությունը տարածաշրջանային զինված խմբավորումներին, դատելով ամենից՝ առաջարկվող նախնական համաձայնագրում ընդհանրապես բացակայում են։ Այլ խոսքով՝ փոխըմբռնման հուշագիրը մեզ միայն կվերադարձնի փետրվարյան ստատուս քվոյին, երբ Հորմուզի նեղուցը դեռևս նույնիսկ գործի չէր դրվել։ Թրամփի և Նեթանյահուի ռմբակոծությունների արշավն ապարդյուն անցավ։
Source: https://news.am/hy/news/1040102
World
Թրամփի «ընտրովի պատերազմը» ոչնչի չհասավ և թանկ նստեց աշխարհի վրա. Guardian
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։