Ոստիկանությունը ձերբակալել է 15-ամյա մի դեռահասի, ով մեղադրվում է Ռուսթավի քաղաքում միջին տարիքի տղամարդու կանխամտածված սպանության մեջ, հայտնում է «Գրուզիա Online»-ը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել նախորդ օրը երեկոյան։ Ըստ նախնական տվյալների՝ պատճառը դեռահասի և սպանվածի միջև ծագած վեճն է եղել։
Այնուամենայնիվ, ձերբակալվածի ընտանիքը պնդում է, որ դպրոցականը գործել է ինքնապաշտպանության նպատակով՝ փորձելով կանխել իր նկատմամբ իրականացվող սեքսուալ բռնությունը։
Հարազատների խոսքով՝ դեռահասը ժամանակավորապես աշխատում էր Գարդաբանի մունիցիպալիտետի Քեսալո գյուղի շինհրապարակում, իսկ սպանված տղամարդը նույն տեղում եղել է աշխղեկ: Աշխատանքային օրվա ավարտից հետո տղամարդը անչափահասին հրավիրել էր իր տուն՝ ընթրելու։
Ընտանիքի վարկածով՝ տանտերը կողպել է դուռը, որից հետո սկսել է ծեծել դեռահասին և փորձել է բռնությամբ հանել նրա հագուստը։ Ի պատասխան՝ դպրոցականը վերցրել է խոհանոցային դանակն ու մի քանի հարված հասցրել տղամարդուն։
«Սկզբում երեխան աղաչել է բացել փակ դուռը, թույլ տալ, որ գնա... Նա նույնիսկ չի էլ իմացել, որ տղամարդը մահացել է։ Երբ դուռը բացել ու դուրս է պրծել, վազել է ուղիղ ոստիկանություն, ինքնակամ հանձնվել ու ամեն ինչ պատմել»,- «TV Pirveli»-ի եթերում հայտնել է հարազատներից մեկը։
Ընտանիքը պահանջում է անհապաղ ազատ արձակել դեռահասին և պնդում է, որ նա գործել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում։
Հոդվածի հրապարակման պահին դատախազությունը դեռևս չէր հայտնել անչափահասին պաշտոնական մեղադրանք առաջադրելու մասին։
Դեպքի առթիվ սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով քննությունը (կանխամտածված սպանություն):
Source: https://news.am/hy/news/1041357