Լիբանանի բանակը հայտնել է, որ Նաբաթիեի շրջանում Քաֆր-Տիբնիթի և Հարբիթալի միջև ընկած ճանապարհին ռազմական մեքենայի վրա իսրայելական հարվածի հետևանքով երեք զինծառայող է զոհվել՝ բրիգադի գեներալ, կապիտան և զինվոր։
Բանակի հայտարարության մեջ նշվում է, որ հարվածը հասցվել է հունիսի 6-ին, ինչի հետևանքով զոհվել են Լիբանանի բանակի բարձրաստիճան սպա, կրտսեր սպա և զինծառայող։
Լիբանանի զինված ուժերի հրամանատարությունը, մեկնաբանելով միջադեպը, ընդգծել է, որ Իսրայելի կողմից երկրի, ժողովրդի ու բանակի դեմ իրականացվող պարբերական և դաժան ագրեսիան միայն ավելացնում է իրենց տոկունությունն ու դիմադրելու վճռականությունը։
Բանակից ընդգծել են, որ նման գործողությունները նպատակ ունեն տապալել իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը, խոչընդոտել համապարփակ հրադադարի հաստատմանը և օկուպացված լիբանանյան տարածքներից իսրայելական զորքերի դուրսբերմանը։
Source: https://news.am/hy/news/1041389