Կանադայի սննդամթերքի տեսչական գործակալությունը ժամանակավորապես սահմանափակել է ԱՄՆ Տեխաս նահանգից խոշոր եղջերավոր անասունների ներկրումը։ Ինչպես հայտնում է BBC News-ը, այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հորթերի մոտ հայտնաբերվել է Cochliomyia hominivorax տեսակի մակաբույծ ճանճով վարակման դեպք։
Գերատեսչության հաղորդմամբ՝ արգելվում է այն կովերի և ձիերի մուտքը Կանադա, որոնք սահմանը հատելուց առաջ վերջին 21 օրվա ընթացքում գտնվել են Տեխասում։ Սահմանափակումն ուժի մեջ է մտել նահանգում վարակման արդեն երկրորդ դեպքի հաստատումից հետո։
ԱՄՆ գյուղդեպարտամենտն ավելի վաղ հայտնել էր երկու հորթերի մոտ այս մակաբույծի հայտնաբերման մասին։ Առաջին դեպքը գրանցվել էր Մեքսիկայի սահմանին մոտ գտնվող Լա Պրիոր բնակավայրում՝ երեք շաբաթական մի հորթի մոտ։ Երկրորդ դեպքն ախտորոշվել է Զավալա շրջանում՝ մեկ ամսական հորթի մոտ, որը գտնվում էր հենց առաջին դեպքից հետո սահմանված հսկողության գոտում։
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոտն արտակարգ դրություն է հայտարարել՝ նշելով, որ նահանգի անասնաբուծության ոլորտին «անմիջական վտանգ» է սպառնում։ Նրա խոսքով՝ ամռան ամիսներին մակաբույծի հետագա տարածման մեծ ռիսկ կա։
Cochliomyia hominivorax-ը մակաբույծ ճանճի տեսակ է, որի էգերը ձվադրում են տաքարյուն կենդանիների բաց վերքերի և լորձաթաղանթների վրա։ Ձվերից դուրս եկած թրթուրները թափանցում են կենդանի հյուսվածքների մեջ ու սնվում դրանցով, ինչը, առանց համապատասխան բուժման, կարող է հանգեցնել կենդանու սատկելուն։
ԱՄՆ-ում այս մակաբույծը պաշտոնապես վերացված էր համարվում դեռևս 1966 թվականից, թեև դրանից հետո էլ երբեմն առանձին դեպքեր են գրանցվել։ Ներկայիս բռնկումները դիտարկվում են որպես Կենտրոնական Ամերիկայում և Մեքսիկայում վարակի ավելի լայն տարածման հետևանք։
Ամերիկյան իշխանությունները կարանտին են սահմանել, սահմանափակել են կենդանիների տեղաշարժը և ուժեղացրել վարակի հայտնաբերման գոտու հսկողությունը։ Դիտարկվում են նաև կենսաբանական պայքարի միջոցներ, այդ թվում՝ ստերիլ ճանճերի բացթողումը և մակաբույծների պոպուլյացիայի ճնշումները։
Կանադայի պատկան մարմինները նշում են, որ երկրի կլիման նվազեցնում է այս տեսակի կայուն տարածման հավանականությունը, այդուհանդերձ, խորհուրդ են տալիս խստացնել անասնաբուժական վերահսկողությունը, հատկապես՝ կենդանիների մոտ վերքերի կամ վարակի նշանների առկայության դեպքում։ Հրահանգվել է զննել նաև Տեխասից բերվող ընտանի կենդանիներին։
ԱՄՆ-ն ու Կանադան ակտիվորեն համագործակցում են անասնապահության ոլորտում՝ ներառյալ մսատու, տոհմային և կաթնատու անասունների առևտուրը։ 2025 թվականին Կանադայում ամերիկյան խոշոր եղջերավոր անասունների ներկրման ծավալը կազմել է շուրջ 550 հազար գլուխ։
Source: https://news.am/hy/news/1041376