Մալիի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Ֆրանսիայի դեսպանատան աշխատակցին՝ լրտեսության և «պետական անվտանգությանը վնաս հասցնելու» մեղադրանքով, հայտնում է «AFP» լրատվական գործակալությունը՝ հղում անելով դատական աղբյուրներին։

Բացի բանտարկությունից, դատապարտյալը տուգանվել է 5400 եվրոյով, ինչպես նաև 20 տարի ժամկետով արգելք է սահմանվել երկիր մուտք գործելու համար։ Նա կալանքի տակ է գտնվում 2025 թվականի օգոստոսից։

Մալիի իշխանությունները պնդում են, որ ձերբակալված Յան Վ․-ն համագործակցել է ֆրանսիական հատուկ ծառայությունների հետ և փորձել ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը։ Նա ձերբակալվել էր հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեջ կասկածվող մալիացի զինվորականների դավադրության գործի հետաքննության շրջանակներում։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ դեսպանատան աշխատակիցն իրականացրել է բացառապես անվտանգության գծով պաշտոնական առաքելությունից բխող առաջադրանքներ և չի ծավալել որևէ գործունեություն, որն ուղղված կլիներ Մալիի կայունության խաթարմանը։

Մալիի և Ֆրանսիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2021 թվականի ռազմական հեղաշրջումից հետո, քանի որ իրադարձությունների արդյունքում իշխանության է եկել Ասիմի Գոիտայի գլխավորած ռազմական անցումային խորհուրդը։ Վերջին տարիներին Մալիի իշխանությունները վերանայել են իրենց արտաքին քաղաքականությունը՝ անցում կատարելով Ռուսաստանի հետ առավել սերտ համագործակցության։

Երկիրը շարունակում է գտնվել անվտանգային տևական ճգնաժամի մեջ, ինչը պայմանավորված է «Ալ-Քաիդա»-ի և «Իսլամական պետության» հետ կապված զինված խմբավորումների ակտիվությամբ, ինչպես նաև Սահելի տարածաշրջանում տեղական զինված բախումների աճով։

Source: https://news.am/hy/news/1041372