Մարդու իրավունքների պաշտպան Անահին Մանասյանը տեսանյութով ներկայացրել է, թե ի՞նչ թյուր պատկերացումներ են առկա ընտրությունների ընթացքում ՄԻՊ լիազորությունների առնչությամբ։

Նա, մասնավորապես, նշել է. «Որևէ դերակատար, մարդու իրավունքների պաշտպանին ընտրությունների ժամանակահատվածում կամ նախընտրական փուլում չպետք է դիտարկի, որպես ընտրությունների կամ ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին և ոչ էլ ընտրությունների ընդհանուր մշտադիտարկում իրականացնող մարմին։

Մարդու իրավունքների պաշտպանը ընտրությունների ժամանակահատվածում, նախընտրական փուլում, հետընտրական փուլում, այո, ունի գործառույցներ, բայց դրանք պայմանավորված են բացառապես այդ գործընթացներում իրավունքների պաշտպանության ու խթանման մեխանիզմների հետ և բնականաբար չեն էլ կարող համընկնել այլ մարմինների լիազորություններին։

Հաճախ կարծիքներ են արտահայտվում, որ, օրինակ, այս դեպքում պիտի դուք արձանագրեիք վարչական ռեսուրսի չարաշահում, կամ պիտի հստակ զբաղվեիք պաստառների հետ կապված տարբեր խնդիրներով նախընտրական քարոզչության ժամանակահատվածում և այլն, որոնք, ըստ էության, դասական առումով մարդու իրավունքների պաշտպանի լիազորություն չեն։ Դրանց համատեքստում կարող են լինել հարցեր, որոնք վերաբերելի լինեն պաշտպանի գործիքակազմին։

Source: https://news.am/hy/news/1037158