Եվրոպական խորհրդարանում նամակ է տարածվել՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել FIFA-ի այն որոշման վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հնարավոր ազդեցության վերաբերյալ, որով չեղարկվել էր ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգանի որակազրկումը, հաղորդում է Euronews-ը։ Այդ իրադարձությունը տեղի է ունեցել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումից առաջ, որտեղ ԱՄՆ հավաքականը 1:4 հաշվով զիջեց Բելգիային։

Եվրախորհրդարանում մի խումբ պատգամավորներ երեքշաբթի հանդես են եկել նախաձեռնությամբ՝ ստուգելու FIFA-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի դերը և պարզելու՝ արդյոք ամերիկյան վարչակազմի կողմից ճնշումն ազդե՞լ է խաղացողի պատժի փոփոխման որոշման վրա։

Նամակը, որին ծանոթացել է Euronews գործակալությունը, հասցեագրված է Եվրոպական Միության երկրների 27 ֆուտբոլային ասոցիացիաներին։ Դրանում նրանց կոչ է արվում պաշտոնապես դիմել FIFA-ին՝ պահանջելով հետաքննել Բալոգանի գործով որոշման ընդունման գործընթացը։

«Կարծում ենք՝ եկել է ժամանակը, որպեսզի եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաները, որոնցից յուրաքանչյուրը FIFA-ի անդամ է, FIFA-ին միջամտեն և խնդրեն հետաքննել Բալոգանի գործով որոշումների ընդունման գործընթացները»,- ասվում է փաստաթղթում։

Նամակի նախաձեռնողներից մեկը՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Բարի Էնդրյուսը, Euronews-ին հայտնել է. «Մենք կրկին տեսանք, թե ինչպես Ինֆանտինոն և FIFA-ն տեղի տվեցին Թրամփի վարչակազմի պահանջներին»։ Նա կազմակերպության որոշումն անվանել է «խայտառակություն և արդարադատության խեղաթյուրում»։

Բալոգանը վիճահարույց կարմիր քարտ էր ստացել անցյալ շաբաթ անցկացված Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ԱՄՆ հավաքականի խաղում։ Ըստ կանոնների՝ հեռացումն ավտոմատ կերպով նշանակում է որակազրկում հաջորդ խաղի համար, ուստի նա պետք է բաց թողներ Բելգիայի հետ հանդիպումը՝ փլեյ-օֆֆի խաղը։

Ավելի ուշ Թրամփը հաստատել էր, որ զանգահարել է Ինֆանտինոյին Բալոգանի կարմիր քարտի հարցով՝ որոշումն անվանելով անարդար, սակայն հայտարարել էր, որ փոխարենը ոչինչ չի պահանջել։ Դրանից հետո FIFA-ն կասեցրել էր որակազրկման գործողությունը՝ օգտվելով վիճահարույց իրավական ընթացակարգից, որը կարմիր քարտերի համակարգի ներդրումից ի վեր նախկինում աշխարհի առաջնություններում երբևէ չէր կիրառվել։

Հետագայում Թրամփը շնորհակալություն էր հայտնել Ինֆանտինոյին «մեծ անարդարությունը շտկելու համար»։ Իր հերթին, FIFA-ի ղեկավարը հայտարարել էր, որ խոսակցության ընթացքում ԱՄՆ նախագահին տեղեկացրել է կազմակերպության կարգապահական մարմնի անկախության մասին։

FIFA-ի որոշումը կտրուկ արձագանք է առաջացրել Եվրոպայում։

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (UEFA) այն անվանել է «աննախադեպ, անհասկանալի և անհիմն», իսկ Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան սկսել է պաշտոնապես բողոքարկել խաղին մասնակցելու Բալոգանի իրավունքը։

Սպորտի հարցերով եվրոպական հանձնակատար Գլեն Միկալեֆը իր հերթին հայտարարել է, որ որակազրկման չեղարկումը «սխալ որոշում» էր։

«Դա լիովին հակասում է FIFA-ի կանոններին ու կանոնադրությանը [...] և իսկական սկանդալ է»,- Euronews-ի Europe Today հաղորդման եթերում հայտարարել է UEFA-ի հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի նախկին տնօրեն Ուիլյամ Գայարը։

Նամակը նախաձեռնել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Բարի Էնդրյուսը (Renew Europe), Լարա Վոլտերսը և Նիլս Ֆուգլսանգը (Սոցիալիստներ և դեմոկրատներ), և այն այժմ տարածվում է խորհրդարանականների շրջանում՝ ստորագրություններ հավաքելու համար։ Ստորագրությունների ներկայացման վերջնաժամկետը չորեքշաբթի՝ Կենտրոնական եվրոպական ժամանակով 18:00-ն է։

Դիմումի հեղինակները ֆուտբոլային ասոցիացիաներից պահանջում են հասնել նրան, որ «FIFA-ի ղեկավարները պատասխանատվություն կրեն, եթե քաղաքական չեզոքության կանոնների խախտման ապացույցներ հայտնաբերվեն»։

Պատգամավորները հիշեցրել են նաև մեկ այլ դիմումի մասին, որը ստորագրել էին Եվրոպառլամենտի 50 անդամները, որով FIFA-ին կոչ էր արվում հետաքննել նախագահ Թրամփին FIFA-ի Խաղաղության մրցանակ հանձնելու որոշումը։

Source: https://news.am/hy/news/1048463