Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ իբն Սալմանի՝ անապատի մեջտեղում ֆուտուրիստական մեգապոլիս կառուցելու հավակնոտ երազանքը բախվել է դաժան տնտեսական իրականությանը։ Տարիներ շարունակ որպես համաշխարհային էկոլոգիական ուտոպիա ներկայացված ածխածնային չեզոք Neom սուպերնախագծի շինարարությունն, ըստ էության, կանգ է առել, գրում է NYP-ը։
Neom-ի առաջատար բաղադրիչը պետք է լիներ The Line-ը՝ 170 կիլոմետր երկարությամբ և 500 մետր բարձրությամբ խելացի գծային քաղաք, որը նախատեսված էր 9 միլիոն բնակչի համար։ Ավելի վաղ արտահոսած ներքին փաստաթղթերի համաձայն, որոնք հրապարակել էր The Wall Street Journal-ը, «The Line»-ի կանխատեսվող արժեքը մինչև 2080 թվականը ուռճացել էր մինչև աստղաբաշխական 8,8 տրիլիոն ԱՄՆ դոլար։
Այժմ, ըստ մասնագիտական աղբյուրների, Neom պետական ընկերությունը «Line» նախագծի վրա բոլոր աշխատանքներն ամբողջությամբ դադարեցրել է առնվազն մինչև 2030 թվականը։
Առաջնահերթությունների փոփոխություն. ԱԻ և լոգիստիկա՝ հսկայամոլության փոխարեն
Ինչպես հայտնում է միջազգային վերլուծական Smarfor հարթակը, Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը (PIF) արմատապես վերանայել է իր ներդրումային ռազմավարությունը։ Իրանի հետ շարունակվող պատերազմի և գլոբալ էներգետիկ անցման ֆոնին Էր Ռիադը ֆինանսական հոսքերն ուղղում է կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ ծովային նավահանգիստների և արհեստական բանականության համար տվյալների կենտրոնների վրա։ Թագաժառանգ արքայազնի երկարատև իմիջային նախագծերը հայտնվել են հարվածի տակ։
Բյուջեների լայնածավալ կրճատումն արդեն անդրադարձել է մի շարք ուղղությունների վրա.
Սպորտ և ժամանց. Սաուդյան ինքնիշխան հիմնադրամը 5 միլիարդ դոլարով կրճատել է ֆինանսավորումը ապստամբ LIV Golf գոլֆ-տուրի համար։
Neom Stadium. 46 հազար տեղանոց մարզադաշտը, որը պետք է դառնար շինարարության առաջին փուլի առանցքային օբյեկտը և ընդուներ 2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության (FIFA) հանդիպումները, հայտնվել է անորոշ վիճակում։
Տրանսպորտային համակարգ. 1,6 միլիարդ դոլար արժողությամբ NICC արագընթաց երկաթուղային մայրուղու կառուցման պայմանագիրը, որը պետք է կապեր ենթակառուցվածքային օբյեկտները «Line»-ի հետ, չեղարկվել է։ Այս շաբաթ «Line»-ի և Օքսագոն նավահանգստի միջև 57 կիլոմետրանոց հատվածում աշխատանքները դադարեցվել են 20% պատրաստվածության փուլում։
Trojena լեռնադահուկային հանգստավայր. ամբողջությամբ դադարեցվել են ծովի մակերևույթից 2 կմ բարձրության վրա գտնվող անապատում արհեստական ձյունով հսկայական համալիր ստեղծելու աշխատանքները, որտեղ 2029 թվականին նախատեսվում էր անցկացնել Ասիական ձմեռային խաղերը։
Ինսայդերների տվյալներով՝ Neom-ի ֆինանսավորումն այժմ խիստ սահմանափակված է միայն նրա առևտրային տեսանկյունից արդյունավետ բաղադրիչներով։ Մասնավորապես, պահպանվում է 3 միլիարդ դոլարի հատկացումը Կարմիր ծովի ափին գտնվող Oxagon արդյունաբերական նավահանգստային քաղաքի զարգացման համար։
Այսօր Կարմիր ծովի նավահանգստային ենթակառուցվածքը թագավորության համար դարձել է ռազմավարական գոյատևման հարց։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հակամարտության չավարտված լինելու պատճառով Պարսից ծոցում գտնվող սաուդյան նավահանգիստների մեծ մասն, ըստ էության, կտրված է համաշխարհային լոգիստիկ երթուղիներից։ Էր Ռիադը ստիպված է արտահանման հոսքերն ուղղել «Արևելք — Արևմուտք» նավթամուղով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, իսկ հազարավոր տոննա պարարտանյութեր բեռնատարներով տեղափոխել անապատով դեպի Կարմիր ծով։
Չնայած այն բանին, որ պատերազմը բարձրացրել է հում նավթի գները մինչև վերջին երեք տարվա առավելագույն մակարդակը (հակամարտության առաջին ամսում թագավորության նավթային եկամուտները հասել են 24,7 միլիարդ դոլարի), Սաուդյան Արաբիայի տնտեսությունը հսկայական վնասներ է կրում մատակարարման շղթաների խզման պատճառով։
«Սաուդյան Արաբիայի համար ռազմական գործողությունների յուրաքանչյուր ամիսը մոտավորապես արժենում է ՀՆԱ-ի 1,5%-ի չափով լրացուցիչ ծախսեր։ Նրա հարևանների մեծ մասի համար այդ հաշիվը, հավանաբար, նույնիսկ ավելի բարձր է», — նշում է Bloomberg Economics-ի զարգացող շուկաների գլխավոր տնտեսագետ Զիադ Դաուդը։
Լրացուցիչ հարված էր նաև այն, որ Էր Ռիադի մեգանախագծերը չառաջացրին սպասվող ոգևորությունը արտասահմանյան բիզնեսի շրջանում. օտարերկրյա ներդրումների ներհոսքը մնաց չափազանց ցածր՝ ծախսերի կտրուկ աճի ֆոնին։
Ներկայիս սառեցումը կոշտ ռազմավարական աուդիտի արդյունք է, որն իրականացրել է Neom-ի նոր գլխավոր տնօրեն Այման ալ-Մուդայֆերը՝ անցյալ տարի իր նշանակվելուց հետո։ Ավելի վաղ՝ հունվարին, նույն պատճառներով կասեցվել էր նաև The Cube (Mukaab) նախագծի իրականացումը՝ Էր Ռիադում 50 միլիարդ դոլար արժողությամբ գերբարձր խորանարդաձև շենքի։
Արհեստական բանականությամբ և առաջադեմ էլեկտրատրանսպորտով հագեցած երկու զուգահեռ հայելային երկնաքերերի նախնական նախագիծը սկսել էին վերանայել և էժանացնել դեռ անցյալ տարի։ Այժմ արդեն հարցականի տակ է հայտնվել հենց այս լայնածավալ ճարտարապետական հայեցակարգի ճակատագիրը։
Source: https://news.am/hy/news/1040232
Football
12 տրլն դոլարանոց մեգանախագիծը սառեցվել է. ինչու Սաուդյան Արաբիայում «ապագայի քաղաքի» տապալումն անխուսափելի դարձավ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Football նորությունները Telegram-ում
Հետևիր Football թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։