ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս ձգտում է Իրանի հետ դիվանագիտական համաձայնության, սակայն պատրաստ է մարտի և բանակցությունների ձախողման դեպքում կարող է վերսկսել ռազմական արշավը։

«Տանգո պարելու համար երկուսն են պետք,- Սպիտակ տան ամենօրյա ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Վենսը։- Մենք չենք համաձայնի մի գործարքի, որը Իրանին միջուկային զենք ստանալու հնարավորություն կտա»։

«Ինչպես ինձ քիչ առաջ ասաց նախագահը, մենք պատրաստ ենք մարտի։ Մենք չենք ցանկանում գնալ այդ ճանապարհով։ Սակայն նախագահը պատրաստ է և ի վիճակի է գնալ այդ ճանապարհով, եթե ստիպված լինի»։

Ըստ Վենսի՝ վարչակազմը դիտարկում է իրադարձությունների զարգացման երկու տարբերակ. կա՛մ համաձայնագիր, որը հավերժ կբացառի Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելու հնարավորությունը, կա՛մ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների վերսկսում։

«Կարծում ենք՝ իրանցիները ցանկանում են գործարք կնքել,- ասել է Վենսը։- ԱՄՆ նախագահը մեզ հանձնարարել է բանակցություններ վարել բարեխղճորեն։ Եվ մենք հենց դա էլ անում ենք»։

Սակայն Վենսը զգուշացրել է, որ դիվանագիտությունը չի կարող հակասել Թրամփի հիմնական պահանջին՝ թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ունենա։

«Կա տարբերակ Բ. դա ռազմական արշավի վերսկսումն է՝ ԱՄՆ նպատակների իրագործումը շարունակելու համար,- ասել է նա։ -Սակայն նախագահը դա չի ցանկանում։ Եվ ես չեմ կարծում, թե իրանցիներն էլ են դա ցանկանում»։

Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն «զգալիորեն թուլացրել է» Իրանի սովորական զինված ուժերը՝ միևնույն ժամանակ պնդելով, որ Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կարող է սպառազինությունների մրցավազք հրահրել Մերձավոր Արևելքում և դրանից դուրս։

Source: https://news.am/hy/news/1036739