ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հասարակական համակրանք է վայելում՝ չնայած վերջին հարցումների տվյալներին, և պնդել է, որ ամերիկացիները հասկանում են՝ խոսքը Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը թույլ չտալու մասին է։

«Բոլորն ինձ ասում են, որ պատերազմը հասարակական համակրանք չի վայելում, բայց ես կարծում եմ, որ պատերազմը շատ համակրանք է վայելում»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Ըստ նախագահի՝ ամերիկացիների վերաբերմունքը փոխվում է, երբ ինքը բացատրում է, որ չի կարելի թույլ տալ Իրանին տիրապետել միջուկային զենքի, որը պոտենցիալ կերպով կարող է օգտագործվել Լոս Անջելեսի կամ ԱՄՆ այլ խոշոր քաղաքների դեմ։

Իրանն իր հերթին շարունակում է հերքել միջուկային զենք ստեղծելու փորձերը։ Ավելի վաղ Թրամփը պնդում էր, որ 2025 թվականի հունիսին ամերիկա-իսրայելական ավիահարվածների շարքը «լիովին ոչնչացրել է» իրանական միջուկային ծրագիրը։

«Այսպես ասեմ. երբ մենք դա բացատրում ենք մարդկանց… Ես պարզապես բավարար ժամանակ չունեմ ամեն ինչ բացատրելու համար,- երեքշաբթի հայտարարել է Թրամփը։- Ես չափազանց զբաղված եմ՝ գործը մինչև վերջ հասցնելու համար»։

Source: https://news.am/hy/news/1036697