Կարիբյան ծով է մտել ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային ավիակիր խումբը՝ «USS Nimitz» ատոմային ավիակրի գլխավորությամբ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի հարավային հրամանատարությունը։ Ավիակրի հետ տարածաշրջան են ժամանել նաև «Carrier Air Wing 17» ավիախումբը, «USS Gridley» ականակիրը և «USNS Patuxent» լիցքավորող տանկերը։ Հրամանատարությունից ընդգծել են, որ այս ուժերը մարմնավորում են «մարտունակության գագաթնակետը, խոցման անգերազանցելի հեռահարությունն ու ռազմավարական առավելությունը»։ ««USS Nimitz»-ն ամբողջ աշխարհում վերահաստատել է իր մարտական ներուժը՝ առանցքային դերակատարում ունենալով Թայվանի նեղուցից մինչև Պարսից ծոց կայունության պահպանման և ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում», — ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ հարավային հրամանատարության այս հայտարարությունը հաջորդել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Կուբայի նախկին նախագահ և ոչ պաշտոնական առաջնորդ Ռաուլ Կաստրոյին ներկայացված մեղադրանքներին։ Մասնավորապես, ԱՄՆ-ն 94-ամյա քաղաքական գործչին մեղադրում է չորս անձի, այդ թվում՝ ԱՄՆ երեք քաղաքացիների սպանության նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ։ Խոսքը 1996 թվականի միջադեպի մասին է, երբ «Brothers to the Rescue» կազմակերպության չորս անդամներ հումանիտար առաքելությամբ լաստանավերով մեկնել են Կուբայից փախչող մարդկանց օգնելու։ Այդ ժամանակ կուբայական կործանիչները կազմակերպության երկու քաղաքացիական ինքնաթիռներ են խոցել միջազգային ջրերի վրա։
«Reuters»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Կաստրոյի դեմ ներկայացված մեղադրանքը Թրամփի վարչակազմի որդեգրած ավելի լայն քաղաքականության մի մասն է. վերջինս նախկինում կոչ էր արել իշխանափոխություն իրականացնել Կուբայում։ Այդուհանդերձ, Թրամփը բացառել է հարաբերությունների հետագա սրումը։ «Չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա։ Միևնույն ժամանակ, «Politico»-ի տվյալներով, Սպիտակ տանը քննարկում են Կուբայի նկատմամբ գործողությունների ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական տարբերակները, սակայն նախագահը դեռ վերջնական որոշում չի կայացրել։
ԱՄՆ-ի և Կուբայի հարաբերությունները լարվել են Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ ԱՄՆ նախագահը պարբերաբար քննադատում է Կուբայի կառավարությանը և նույնիսկ չի բացառել կղզու «բարեկամական կլանումը»։ 2026 թվականի սկզբից Վաշինգտոնն ուժեղացրել է ճնշումը և նավթային շրջափակման ենթարկել Կուբան, ինչը հանգեցրել է էներգետիկ ճգնաժամի ու կղզու ողջ տարածքում էլեկտրաէներգիայի պարբերական անջատումների։
Source: https://news.am/hy/news/1037120
Football
Թրամփը հարվածային ավիակիր խումբ է ուղարկել Կուբայի ափերի մոտ՝ երկրի առաջնորդին մեղադրանք առաջադրելուց հետո
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։