Թաիլանդը մտադիր է զբոսաշրջային պարտադիր վճար ներդրել, որը կարող է գերազանցել 300 բատը (մոտ 9 դոլար)։ Այս միջոցներն ուղղվելու են զբոսաշրջիկների ապահովագրության ծախսերը հոգալուն և ենթակառուցվածքների զարգացմանը, հայտնում է The Nation պարբերականը։

Թաիլանդի զբոսաշրջության և սպորտի նախարար Սուրասակ Պհանտյարինվորակունը նշել է, որ գերատեսչությունն արագացնում է աշխատանքները՝ վերջնականապես հստակեցնելով թե՛ վճարման մեխանիզմը, թե՛ երկիր ժամանողներից գանձվող գումարի չափը։ Ըստ նախարարի՝ մեկ անձի համար վճարը կարող է կազմել ավելի քան 300 բատ։

Գերատեսչությունը քննարկում է վճարի գանձման երկու հնարավոր տարբերակ։ Առաջինն այն ներառելն է ավիատոմսի արժեքի մեջ։ Այս դեպքում նախատեսվում է հետվերադարձի համակարգ ներդնել Թաիլանդի քաղաքացիների և այն անձանց համար, ովքեր ազատված են այդ վճարից։ Երկրորդ տարբերակը իմիգրացիոն համակարգի միջոցով ուղղակի վճարումն է։ Սա թույլ կտա իշխանություններին հստակ տարբերակել վիզաների տեսակներն ու ճանապարհորդների կատեգորիաները, սակայն կարող է լրացուցիչ խոչընդոտ դառնալ երկիր մուտք գործելիս։

Թաիլանդի կառավարությունը հույս ունի, որ այս վճարը կփոխհատուցի օտարերկրյա զբոսաշրջիկների ապահովագրության ծախսերը։ Ակնկալվում է, որ նման ապահովագրությունը կծածկի առաջատար մասնավոր հիվանդանոցներում բուժումը և դժբախտ պատահարների դեպքում կթեթևացնի բյուջեի բեռը։ Ապահովագրական վճարումներից հետո մնացած միջոցները նախատեսվում է ուղղել զբոսաշրջության զարգացման հիմնադրամին։

Source: https://news.am/hy/news/1037229