ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ վեցհարկանի ստորգետնյա բունկեր է կառուցվում Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի տակ։

«[Պարահանդեսային դահլիճի] ամբողջ տանիքը նախագծված է ռազմական նպատակներով։ Այն ունի անօդաչու թռչող սարքերի մեծ տեղակայան։ Տանիքը ոչ միայն պաշտպանված է ԱԹՍ-ների հարվածներից, այլև այնքան ամուր է, որ դրոնի բախման դեպքում այն պարզապես հետ կթռչի՝ առանց որևէ վնաս պատճառելու։ Բացի այդ, այն ծառայելու է որպես անօդաչուների բազա, որը կպաշտպանի ողջ Վաշինգտոնը», — Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Նրա խոսքով՝ վերևում գտնվող դահլիճի շենքը պաշտպանիչ դեր է խաղալու ստորգետնյա հատվածի համար. կառուցվածքային առումով դրանք մեկ ամբողջություն են կազմում։ Հարթ տանիքը նախատեսված է դիպուկահարների դիրքերի համար, որտեղից կերևա ամբողջ Վաշինգտոնը։

Թրամփը հավելել է, որ շենքի ապակիները կարող են դիմանալ նույնիսկ 10 սանտիմետրանոց փամփուշտի հարվածին։ Բունկերում կլինեն նաև ռմբապաստարաններ, զինվորական հոսպիտալ և զինվորականների համար նախատեսված հատուկ տարածքներ։ Շինարարությունն իրականացվում է մասնավոր նվիրատվությունների հաշվին և ընթանում է ըստ ժամանակացույցի։ Նախագահը նշել է, որ այս նախագիծը նվեր է Միացյալ Նահանգների համար։

Source: https://news.am/hy/news/1036864