Ռուսական գազի հնարավոր փոխարինումն ադրբեջանականով դիվերսիֆիկացիա չէ, դա պարզապես անցում է մի կախվածությունից մեկ այլ կախվածության, ինչը հղի է զգալիորեն ավելի վտանգավոր հետևանքներով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները «TRIPP»-ը («Թրամփի ուղի») ներկայացնում են որպես էներգետիկ դիվերսիֆիկացիայի գործիք, սակայն այս թեզը քննադատության չի դիմանում։ Նախ՝ միջանցքի շրջանակներում գազամուղի որևէ կոնկրետ նախագիծ մինչ օրս գոյություն չունի. խոսքը միայն հռչակագրերի մասին է։ Երկրորդ, և սա սկզբունքորեն կարևոր է, հենց ինքը՝ Ադրբեջանն այսօր սեփական ռեսուրսային բազայի լուրջ սահմանափակումներ ունի։ Բաքուն մասշտաբային պայմանագրային պարտավորություններ է ստանձնել Թուրքիային, Վրաստանին, Սիրիային և այլ երկրներին գազ մատակարարելու համար և արդեն իսկ ստիպված է մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ ներկրել Ռուսաստանից։ Հայաստանն իր հերթին տարեկան սպառում է 2,3–2,4 միլիարդ խորանարդ մետր։ «Ներկա պայմաններում Ադրբեջանը որպես իրական այլընտրանք դիտարկելու որևէ հիմք չկա»,- ընդգծել է փորձագետը։

Դավթյանն առանձնահատուկ կանգ է առել խնդրի քաղաքական չափանիշների վրա։ Հայ-ադրբեջանական չկարգավորված հակասությունների պայմաններում Ադրբեջանից էներգետիկ կախվածությունն ուղղակի սպառնալիք է նշանակում ազգային անվտանգության համար։ Բաքուն անխուսափելիորեն օգտագործելու է էներգետիկ լծակը որպես քաղաքական ճնշման գործիք՝ ճիշտ այնպես, ինչպես դա անում էր Ռուսաստանը։ «Երբ դու էներգետիկ և ռեսուրսային առումով կախվածության մեջ ես գտնվում Ադրբեջանից՝ հաշվի առնելով այն խորքային խնդիրները, որոնք շարունակում են արդիական մնալ հայ-ադրբեջանական հարաբերություններում, դա նշանակում է էական սահմանափակում ոչ միայն քո էներգետիկ ու տնտեսական ռեսուրսների, այլև ազգային անվտանգության ապահովման ռեսուրսների միջև»,– նշել է նա։

Փորձագետի կարծիքով իրական այլընտրանքը ներկայացնում է իրանական ուղղությունը։ Իրան-Հայաստան գազամուղն ունի տարեկան մինչև 2,3 միլիարդ խորանարդ մետր թողունակություն, ինչը փաստացի բավարար է Հայաստանի ողջ սպառումը ծածկելու համար. դրա համար կպահանջվի միայն ենթակառուցվածքների տեխնիկական ընդլայնում։ Այնուամենայնիվ, ինչպես հիշեցնում է փորձագետը, Իրան-Հայաստան գազամուղը, ինչպես և երկրի ողջ գազատրանսպորտային համակարգը, դե յուրե և դե ֆակտո հանդիսանում է ռուսական կապիտալի սեփականությունը, ներառյալ Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը, որը ռուսական կողմին է փոխանցվել դեռևս 2015 թվականին։ Այսպիսով, նույնիսկ իրանական մատակարարումների հիպոթետիկ կարգավորման դեպքում, ռուսական գործոնը հավասարումից չի անհետանում։ «Սեփականության կառուցվածքը հաշվի առնելով անհնար է շրջանցել այն»,– ամփոփել է Դավթյանը։

Source: https://news.am/hy/news/1039081