Ռուսաստանը տեսնում է, որ Երևանն աչք է փակում Արևմուտքի կողմից հակառուսական տրամադրություններ բորբոքելու բացահայտ արշավի վրա։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը բացահայտորեն թույլ տալիս, որ Արևմուտքը նպատակաուղղված հակառուսական գործողություններ հրահրի։ Բառացիորեն ամեն օր հնչում են պնդումներ ու կեղծ լուրեր այն մասին, թե Մոսկվան իբր միջամտում է երկրի ներքին գործերին կամ հիբրիդային հարձակումներ գործում Հայաստանի դեմ։ Այս ամենին, բնականաբար, գումարվում է նաև լրտեսների փնտրտուքը», — նշել է դիվանագետը։

Այս համատեքստում նա հավելել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին Երևանի հանգստացնող հայտարարությունները լիովին հակասում են այն ամենին, ինչն այս օրերին ասվում և արվում է Հայաստանում ընթացող բուռն նախընտրական քարոզարշավի շրջանակներում։

Source: https://news.am/hy/news/1039137