ԱՄՆ-ը դադարեցրել է Թայվան 14 մլրդ դոլարի զենքի հնարավոր մատակարարումը՝ կապված այն բանի հետ, որ այդ սպառազինությունն անհրաժեշտ է Իրանի դեմ պատերազմի վարման համար։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հատկացումների կոմիտեի լսումների ժամանակ հայտնել է ԱՄՆ ՌԾՈւ նախարարի պաշտոնակատար Հանգ Կաոն։

«Ես այս հարցի շուրջ չեմ խոսել Թայվանի ներկայացուցիչների հետ, և մենք նրանց որոշ սպառազինության վաճառք ապահովել ենք։ Բայց այս պահին մենք դա դադարեցրել ենք, որպեսզի համոզվենք, որ ունենք սպառազինություն «Էպիկական ցասում» [գործողության] համար։ Մենք բավականաչափ սպառազինություն ունենք, պարզապես ցանկանում ենք համոզվել, որ ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է»,- հայտնել է Կաոն՝ պատասխանելով Թայվան ամերիկյան 14 մլրդ դոլարի զենքի հնարավոր մատակարարման հաստատման դադարեցման վերաբերյալ հարցին։ «Արտասահման զենքի մատակարարումները կշարունակվեն, երբ վարչակազմը դա անհրաժեշտ համարի»,- հավելել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ պատրաստվում է զանգահարել Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեին՝ կղզի ամերիկյան սպառազինության մատակարարման ենթադրյալ գործարքը քննարկելու համար։ Այդ զրույցը կարող է դառնալ առաջին նման ուղիղ շփումը ավելի քան 40 տարվա ընթացքում։

Անցյալ շաբաթ Չինաստան կատարած պետական այցի արդյունքներով ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել է Թայվան ամերիկյան 14 մլրդ դոլարի զենքի հնարավոր մատակարարումը, սակայն այդ գործարքի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Նա նաև այն ժամանակ հավելել էր, որ չէր ցանկանա, որ ԱՄՆ-ը պատերազմի մեջ մտնի Չինաստանի հետ այն պատճառով, որ Թայվանը որոշի անկախանալ Չինաստանից։

Source: https://news.am/hy/news/1037423