Բրիտանական Սուրեյ կոմսության ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննում է երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ երկու հայտարարություն՝ հիմնվելով ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած և մահացած սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնին առնչվող փաստաթղթերում առկա տեղեկությունների վրա։

Ոստիկանության տվյալներով՝ դրվագներից մեկը վերաբերում է Անգլիայի հարավային Սուրեյ և Բերքշիր կոմսություններում գտնվող վայրերին և, ենթադրաբար, տեղի է ունեցել 1990-ականների կեսերից մինչև 2000 թվականն ընկած ժամանակահատվածում։ Երկրորդ դեպքը վերաբերում է 1980-ականների կեսերից մինչև վերջ՝ Սուրեյի արևմտյան մասում տեղի ունեցած ենթադրյալ իրադարձություններին, հայտնում է Reuters-ը։

Իրավապահներն ընդգծել են, որ առայժմ ձերբակալություններ չեն իրականացվել։

«Մենք լիակատար լրջությամբ ենք վերաբերվում սեռական հանցագործությունների մասին բոլոր հաղորդումներին և կաշխատենք բացահայտել հետաքննության ցանկացած ողջամիտ ուղղություն՝ տեղեկությունները ստուգելու կամ հաստատող ապացույցներ գտնելու համար»,- հայտարարել է Սուրեյի ոստիկանությունը։

Փետրվարին Սուրեյի ոստիկանությունն արդեն դիմել էր հանրությանը՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել ՀԴԲ-ի խմբագրված զեկույցի հրապարակումից հետո, որում պարունակվում էին մեղադրանքներ՝ 1994–1996 թվականներին Սուրեյի Վիրջինիա Ուոթեր շրջանում անչափահասի նկատմամբ սեռական շահագործման և մարդկանց թրաֆիքինգի առնչությամբ, որը ժամանակային առումով կապ չունի մյուս դեպքերի հետ»։

Այն ժամանակ ոստիկանությունը հայտնել էր, որ ներքին տվյալների բազաների ստուգումը չի հայտնաբերել Սուրեյի տարածքի հետ կապված հաստատված հայտարարություններ, սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ դրանից հետո լրացուցիչ հաղորդումներ են ստացվել։

Source: https://news.am/hy/news/1036706