Մեծ Բրիտանիան դարձել է «Մեծ յոթնյակի» առաջին երկիրը, որն առևտրային համաձայնագիր է ստորագրել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի հետ։ Դրա մասին հայտնել են Միացյալ Թագավորության Բիզնեսի և առևտրի նախարարությունից։

Բրիտանական իշխանությունների գնահատմամբ՝ համաձայնագիրը երկրի տնտեսությանը տարեկան կարող է բերել շուրջ 3,7 միլիարդ ֆունտ ստերլինգ և կողմերի միջև առևտրի ծավալն ավելացնել գրեթե 20%-ով։

Փաստաթուղթը նախատեսում է մաքսատուրքերի վերացում սննդամթերքի, բժշկական սարքավորումների և բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման համար։ Բացի դրանից, համաձայնագրում ներառվել են դրույթներ Մեծ Բրիտանիայի և Պարսից ծոցի պետությունների միջև տվյալների ազատ անդրսահմանային փոխանակման վերաբերյալ։

Բրիտանական նախարարությունում ընդգծել են, որ գործարքը Միացյալ Թագավորության ընկերություններին հնարավորություն կտա տվյալները պահպանել և մշակել տարածաշրջանից դուրս՝ բիզնեսին ազատելով Պարսից ծոցի երկրներում թանկարժեք տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու անհրաժեշտությունից։

Այժմ Մեծ Բրիտանիայի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի միջև առևտրի ծավալը գնահատվում է մոտ 53 միլիարդ ֆունտ ստերլինգ։

Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կազմի մեջ մտնում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը և Սաուդյան Արաբիան։ Կազմակերպությունը ստեղծվել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացման և միջազգային ու տարածաշրջանային հարցերում դիրքորոշումների համակարգման նպատակով։

Source: https://news.am/hy/news/1037021