Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 20-ին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը գտնվում է պատերազմի և խաղաղության միջև բեկումնային փուլում։

«Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակը հայտնվել է պատերազմի ու խաղաղության միջև անցումային օրհասական կետում։ Այս իրավիճակում հատկապես կարևոր է հավատարիմ մնալ բանակցությունների ուղուն»,- ասել է նա ռուս-չինական բանակցությունների ժամանակ։

Չինաստանի ղեկավարի խոսքով՝ ռազմական գործողությունների դադարեցումն օրակարգային հրատապ խնդիր է, իսկ հակամարտության վերսկսումն՝ անթույլատրելի։

Բացի այդ, Սի Ծինփինը նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության շուտափույթ դադարեցումը կօգնի նվազեցնել էներգակիրների կայուն մատակարարումների, արտադրական ու լոգիստիկ շղթաների բնականոն գործունեության, ինչպես նաև միջազգային առևտրի համար առկա ռիսկերը։

Չինաստանի ղեկավարի խոսքով՝ աշխարհն այսօր կանգնած է «ջունգլիների օրենքին» վերադառնալու վտանգի առջև, ինչն էլ ավելի է մեծացնում Չինաստանի և Ռուսաստանի միջև բարիդրացիության մասին պայմանագրի նշանակությունը։ Նա նաև ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում էլ ավելի ակնառու են դառնում չին-ռուսական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագրի առաջադիմական բնույթը, գիտական հիմնավորվածությունն ու գործնական կարևորությունը։

Source: https://news.am/hy/news/1036792