Արձանագրված խնդիրների մեծ մասը վերաբերում էր ընտրացուցակներին, երբ քաղաքացիները չէին կարողանում գտնել իրենց տեղամասերը, ինչպես նաև ընտրողներին ծանուցելու և շարժական քվեատուփերի միջոցով քվեարկության կազմակերպման հարցերին։ Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարաքյանը՝ ամփոփելով քվեարկության ընթացքում ենթադրյալ խախտումների վերաբերյալ ահազանգերի քննության ուղղությամբ օմբուդսմենի կատարած աշխատանքը։

Նա նշեց, որ իրավապաշտպանի աշխատակազմ ընդհանուր առմամբ ստացվել է 117 զանգ, որոնցից 65 դիմում արդեն ստացել է դրական լուծում։ Իրավապաշտպանը շեշտեց, որ բոլոր գործողությունները ձեռնարկվել են խիստ Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակում և միտված են եղել քաղաքացիների ընտրական իրավունքների ապահովմանը։

Շարունակելով թեման՝ Վարաքյանը պարզաբանեց, որ ցուցակների հետ կապված դժվարություններից բացի, աշխատակազմի մասնագետները օպերատիվ արձագանքել են նաև կալանքի տակ պահելու վայրերում և քրեակատարողական հիմնարկներում քվեարկության կազմակերպման, ինչպես նաև մշտական գրանցում չունեցող կամ այլ համայնքներում հաշվառված ընտրողների իրավունքների պաշտպանության հետ կապված դիմումներին։ «Օմբուդսմենի աշխատակազմին հասցեագրված բոլոր հարցերը ստացել են դրական լուծում՝ շնորհիվ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ներքին գործերի նախարարության, Միգրացիոն ծառայության և այլ իրավասու պետական կառույցների հետ արդյունավետ փոխգործակցության»,– հավելեց փորձագետը։ Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ թեժ գծով ստացված ահազանգերի մշակումից բացի, աշխատակիցները նաև իրականացրել են մամուլի մշտադիտարկում՝ ուսումնասիրելով ԶԼՄ-ներում հրապարակված շուրջ 510 նյութ, որոնցից շատերի վերաբերյալ պետական մարմիններից պահանջվել են պարզաբանումներ, իսկ մի շարք դեպքերով աշխատակազմը սեփական նախաձեռնությամբ հետազոտություններ է սկսել։

Source: https://news.am/hy/news/1041837