Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան կիրակի հայտարարել է, որ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անօրինական միգրացիայի շուրջ աճող մտահոգությունների կապակցությամբ՝ հակամիգրանտական բողոքների և տրամադրությունների ուժեղացման ֆոնին, հաղորդում է Associated Press-ը։
Ազգային հեռուստատեսությամբ իր ուղերձում նա փաստացի ընդունել է լարվածության առկայությունը՝ ընդգծելով, որ վերջին ամիսներին երկրում ակտիվացել են միգրացիոն քաղաքականության խստացման կողմնակից խմբերը։
Դրանցից մի քանիսը հայտարարել են մտադրության մասին սահմանել վերջնաժամկետ՝ հունիսի 30-ը, որպեսզի երկրում անօրինական կերպով գտնվող օտարերկրյա քաղաքացիները լքեն երկիրը։
Ռամաֆոսան նշել է, որ հասարակության մի մասի մտահոգությունն ունի իր հիմքերը՝ այն կապելով գործազրկության բարձր մակարդակի և առողջապահական ու կրթական համակարգերի վրա ընկնող ծանրաբեռնվածության հետ։
«Շատ հարավաֆրիկացիներ բարդ, բայց հիմնավորված հարցեր են տալիս։ Այս մտահոգությունները իրական են։ Դրանք պետք է լսվեն, և դրանց պետք է ուշադրություն դարձվի», — ասել է նա։
Միաժամանակ նախագահը շեշտել է, որ պետությունը թույլ չի տա միգրանտների դեմ ինքնակամ գործողություններ և այդ հողի վրա բռնություն։
«Միայն պետության կողմից լիազորված մարմինները կարող են գործել օրենքի խախտման դեպքերում», — հայտարարել է Ռամաֆոսան՝ զգուշացնելով, որ որոշ խմբեր «սրում են» լարվածությունը։
Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները չեն տիրապետում անօրինական միգրացիայի վերաբերյալ ճշգրիտ վիճակագրությանը, սակայն գնահատականները տատանվում են 2-ից 5 միլիոն մարդու սահմաններում՝ մոտ 62 միլիոն բնակչության պարագայում։
Երկիրը ավանդաբար մնում է տարածաշրջանում միգրացիայի հիմնական ուղղությունը՝ ընդունելով Զիմբաբվեի, Մոզամբիկի, Լեսոտոյի, ինչպես նաև Նիգերիայի, Գանայի, Մալավիի և Եթովպիայի քաղաքացիներին։
Վերջին շաբաթներին մի շարք աֆրիկյան պետություններ, այդ թվում՝ Գանան, Նիգերիան, Քենիան և Մոզամբիկը, հայտարարել են, որ իրենց քաղաքացիները Հարավաֆրիկյան Հանրապետությունում բախվում են սպառնալիքների և հարձակումների։ Գանան ավելի վաղ հայրենադարձել էր իր շուրջ 300 քաղաքացիների, իսկ Մոզամբիկի իշխանությունները հայտնել էին հինգ մարդու զոհվելու մասին՝ ենթադրյալ քսենոֆոբական հարձակումների հետևանքով։
Կառավարության տվյալներով, վերջին երկու տարիներին երկրից արտաքսվել են ավելի քան 100 հազար մարդ, որոնք Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվել են անօրինական կերպով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում կանխվել է սահմանի անօրինական հատման մոտ 450 հազար փորձ։
Ռամաֆոսան ընդունել է, որ նախկինում երկրի միգրացիոն քաղաքականության մեջ եղել են «թույլ տեղեր», և խոստացել է ավելի վճռական գործողություններ՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով թույլ չտալ, որ հասարակությունը պառակտվի միգրացիոն հարցի հողի վրա։
Source: https://news.am/hy/news/1041828