Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ՄԱԿ-ի՝ զինված հակամարտությունների ժամանակ սեռական բռնությանը նվիրված նոր զեկույցում Իսրայելն ու Ռուսաստանը ներառվել են «սև ցուցակում»՝ անվտանգության ուժերի կողմից իրականացված բռնության արձանագրված դեպքերի պատճառով։
Փաստաթղթի համաձայն՝ ՄԱԿ-ը հաստատել է 2023-2025 թվականների ընթացքում Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիների՝ տղամարդկանց, կանանց ու երեխաների նկատմամբ սեռական բռնության 31 դեպք։ Զեկույցում նշվում է, որ հայտնաբերված խախտումների թվում եղել են խմբակային բռնաբարություններ, ինչպես նաև սեռական բռնության կիրառում (որպես խոշտանգման ձև)։
Բացի այդ, հիշատակվում են տարբեր առարկաների գործադրմամբ բռնաբարության դեպքեր, բռնաբարության փորձեր, հարձակումներ սեռական օրգանների վրա և նպատակաուղղված կրակոցներ այդ հատվածին, բռնի մերկացում ու բռնաբարության սպառնալիքներ։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ բացահայտված դրվագները միայն մասնակիորեն են արտացոլում իրական պատկերը, քանի որ միջազգային քննիչների մուտքը եղել է սահմանափակ։
Մասնավորապես, ըստ ՄԱԿ-ի տվյալների, Իսրայելը փորձագետներին թույլ չի տվել մուտք գործել կալանավայրեր, սահմանափակել է Գազայի հատվածի մուտքը, ինչպես նաև, ըստ ձևակերպման, վտանգի տակ է դրել այն պաղեստինցի կալանավորներին, ովքեր հայտնել են չարաշահումների մասին։
Ռուսաստանն իր հերթին նույնպես մեղադրվում է ուկրաինացիների՝ այդ թվում ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ կիրառված «համակարգային» սեռական բռնության հետաքննություններին խոչընդոտելու մեջ։ Չնայած տեղանք մուտք գործելու սահմանափակումներին՝ ՄԱԿ-ն արձանագրել է ռուսական ուժերի կողմից ենթադրյալ բռնության 310 դեպք, ներառյալ՝ բռնաբարություններ, խոշտանգումներ և սեռական օրգանների հոսանքահարում։ Զոհերի մեծ մասը տղամարդիկ են, սակայն տուժածների թվում կան նաև կանայք ու երեխաներ։
Զեկույցում նշվում է, որ դեպքերի մեծ մասում միաժամանակ կիրառվել են բռնության մի քանի ձևեր, իսկ շատ տուժողներ ենթարկվել են կրկնակի հարձակումների։ Շեշտվում է նաև, որ պարբերաբար սեռական բռնություն է կիրառվել նաև կալանավայրերում գտնվող անձանց նկատմամբ։
Ռուսաստանն ու Իսրայելը հերքում են այս մեղադրանքները։ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց երկիրը յուրաքանչյուր կետի վերաբերյալ ապացույցներ ու հերքումներ է ներկայացրել, սակայն դրանք հրապարակայնորեն չի բացահայտել։ Բացի այդ, Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից սահմանափակում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մուտքը կալանավորների մոտ։
ՄԱԿ-ն արձանագրում է, որ համաշխարհային մասշտաբով հակամարտությունների գոտիներում սեռական բռնության դեպքերը կտրուկ աճել են, ընդ որում՝ զոհերի մեծ մասը կանայք ու աղջիկներն են։ Այդուհանդերձ, Իսրայելի և Ռուսաստանի պարագայում արձանագրված դրվագների զգալի մասը վերաբերում է նաև տղամարդկանց։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հակամարտության մյուս կողմերի պատասխանատվությանը. հիշատակվում է Ուկրաինան, որտեղ բռնության տասնյակ դեպքեր են հաստատվել, և ՀԱՄԱՍ խմբավորումը, որն ավելի վաղ արդեն ներառվել էր այս ցուցակում՝ հոկտեմբերի 7-ի հարձակման ու պատանդների հետ վարվելակերպի պատճառով։
Փաստաթղթում ընդգծվում է, որ նման հանցագործությունների համար պատասխանատվության բացակայությունը նպաստում է դրանց կրկնությանը և հակամարտության գոտիներում անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը։
Source: https://news.am/hy/news/1039538
World
ՄԱԿ-ը Ռուսաստանն ու Իսրայելը ներառել է հակամարտություններում սեռական բռնության վերաբերյալ «սև ցուցակում»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։