Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը ներկայացրել է Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագրի կետերը, որոնք ձեռք են բերվել ԱՄՆ միջնորդությամբ անցկացված բանակցությունների չորրորդ փուլի արդյունքում։ Այս մասին հաղորդում է «Al Jazeera»-ն։
Աունի խոսքով՝ բանակցություններն ավարտվել են մի փաստաթղթի պատրաստմամբ, որի դրույթները մեծապես համապատասխանում են Լիբանանի շահերին։
Նա ընդգծել է, որ սա վերջնական ու համապարփակ հրադադարի հասնելու վերջին հնարավորությունն է։
Նախագահը հայտնել է, որ «Հեզբոլլահից» և ներքաղաքական մյուս ուժերից պատասխանները ստանալուց հետո Լիբանանը պաշտոնապես կտեղեկացնի ամերիկյան կողմին, ինչը թույլ կտա անցնել համաձայնագրի իրագործման հաջորդ փուլին։
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները կսահմանեն հրադադարի ռեժիմի հաստատման ժամկետներն ու մեխանիզմը։ Համաձայնագրի իրագործումը կարող է սկսվել արդեն իսկ 24 ժամ անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կողմերին կտեղեկացնի դրա հաստատման և անհրաժեշտ երաշխիքների ստացման մասին։ Աունի խոսքով՝ պայմանավորվածությունների կատարման ուղղակի երաշխավոր կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Երկրի ղեկավարը նաև մատնանշել է բանակցություններում լիբանանյան պատվիրակության կոշտ դիրքորոշումը, որը գլխավորում է դեսպան Սիմոն Կարամը։ Ըստ Աունի՝ Կարամը դադարեցրել է բանակցությունները և հրաժարվել քննարկել որևէ այլ հարց, քանի դեռ համապարփակ հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել։
Ըստ տեղեկությունների՝ հարցը կարգավորվել է միայն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջամտությունից հետո, ինչից հետո Լիբանանի պահանջն ընդունվել է։
Լիբանանի նախագահը հավելել է, որ ողջ չորեքշաբթի օրվա ընթացքում և մինչև հինգշաբթի վաղ առավոտ լիբանանյան կողմը մշտական կապի մեջ է եղել գործընթացի թե՛ միջազգային, թե՛ ներքին մասնակիցների հետ (հրադադարի շուրջ պայմանավորվածություններն ամրագրելու համար)։ Նրա խոսքով՝ մի շարք բարեկամ երկրներ նույնպես դիվանագիտական ճնշում են գործադրել՝ ի պաշտպանություն Բեյրութի դիրքորոշման։
Աունը հայտնել է, որ այսպես կոչված «պիլոտային գոտիների» քննարկման շրջանակներում Լիբանանն առաջարկել է սկսել երկրի հարավային Նաբաթիայի շրջանի հարևանությամբ գտնվող Արևելյան Զավթար, Արևմտյան Զավթար, Յահմար և Կալաատ աշ-Շաքիֆ բնակավայրերից։
Source: https://news.am/hy/news/1040901