Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ էլիտար հանգստավայրի կառուցման, որը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների ներդրումային ընկերության հետ, գրում է The Guardian-ը։
Ակցիայի մասնակիցների՝ երկրի վարչապետ Էդի Ռամայի՝ հնարավոր լուծումները քննարկելու առաջարկը մերժելուց հետո բողոքի շարժումն, ըստ հաղորդումների, հնարավոր է ավելի ուժգնանա։
Հազարավոր մարդիկ արդեն երրորդ օրն անընդմեջ դուրս են գալիս Տիրանայի փողոցներ։ Ցուցարարների մի մասը ակցիաների ժամանակ օգտագործում է փչովի ֆլամինգոներ՝ որպես հնարավոր էկոլոգիական վնասի խորհրդանիշ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են դադարեցնել շուրջ 1,6 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը, որի շինարարությունն արդեն սկսվել է երկրի հարավում՝ մի շրջանում, որը համարվում է Միջերկրական ծովի ամենախոցելի էկոլոգիական գոտիներից մեկը։
Ըստ էկոլոգիական կազմակերպությունների, մասնավորապես՝ Ալբանիայի խոշորագույն բնապահպանական խմբի ղեկավարության՝ նախագծի իրականացման գործընթացն ուղեկցվել է թափանցիկության, հանրային քննարկումների և թույլտվությունների վերաբերյալ հասանելի փաստաթղթերի բացակայությամբ։ Ակտիվիստները հայտարարում են, որ պատրաստ են քննարկել իրավիճակը միայն շինարարական աշխատանքների դադարեցման և բնական միջավայրի վերականգնման պայմանով։
Վարչապետ Էդի Ռաման, ընդհակառակը, պաշտպանում է նախագիծը՝ այն անվանելով կարևոր քայլ երկրի տնտեսական զարգացման և բարձր մակարդակի ներդրումների ու զբոսաշրջության համար գրավիչ ուղղության վերածվելու ճանապարհին։ Նա բողոքողներին առաջարկել է հանդիպել, սակայն հայտարարել է, որ շինարարությունը ոչ մի պարագայում չի դադարեցվելու։
Նախագիծն ընդգրկում է մի տարածք, որը ներառում է Սազան կղզին՝ Ալբանիայի միակ կղզին, ինչպես նաև ազգային ծովային պարկի ափամերձ և ճահճային էկոհամակարգերը։ Բնապահպանները զգուշացնում են, որ շինարարության գոտում բնակվում են հազվագյուտ տեսակներ, դրանց թվում՝ միջերկրածովյան փոկ-վանականը, ինչպես նաև ավելի քան 200 տեսակի թռչուններ, որոնցից շատերն անհետացման եզրին են։
Ակտիվիստները հայտնում են նաև ցանկապատերի, պահպանության և ծանր տեխնիկայի կիրառմամբ շինարարական աշխատանքների մեկնարկի մասին, ինչը, ըստ նրանց, հանգեցրել է բնական ավազաբլուրների ու ափամերձ անտառների ոչնչացմանը և տարածքին տեղի բնակիչների հասանելիության սահմանափակմանը։
Հակամարտության ֆոնին Ալբանիայի հակակոռուպցիոն դատախազությունը հետաքննություն է սկսել պահպանվող բնական տարածքներին առնչվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։
Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, որ նախագիծն իրականացվելու է էկոլոգիական չափանիշների պահպանմամբ և ուղղված է տարածաշրջանի համար աշխատատեղերի ու երկարաժամկետ տնտեսական օգուտների ստեղծմանը։
Source: https://news.am/hy/news/1040927