Վերջին շրջանում անչափահասների մասնակցությամբ հանրային հնչեղություն ստացած դեպքերի վերաբերյալ տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ ձևավորված հանրային արձագանքը վերահաստատում են երեխաներին վերաբերող տեղեկությունների հրապարակման հարցում առավել բարձր զգուշավորության և պատասխանատու մոտեցման անհրաժեշտությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Անձնական տվյալների պաշ0տպանության գործակալությունը:

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում պետական մարմիններին, կրթական հաստատություններին, լրատվամիջոցներին և հանրության բոլոր ներկայացուցիչներին՝ երեխաների վերաբերյալ ցանկացած տեղեկություն հրապարակելիս և տարածելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբ։

«Երեխաների մասին տվյալների մշակումը պահանջում է հատուկ պատասխանատվություն։ Պետք է բացառել այնպիսի տեղեկությունների հրապարակումը, փոխանցումը կամ վերարտադրումը, որոնք չեն բխում հստակ նպատակից և երեխայի լավագույն շահից, կամ կարող են հանգեցնել երեխայի ուղղակի կամ անուղղակի նույնականացման, անձնական կյանքի խախտման և այլ բացասական հետևանքների։

Կրկին հիշեցնում ենք, որ նույնիսկ առանձին վերցված չեզոք թվացող տեղեկությունների համադրության արդյունքում կարող է բացահայտվել երեխայի ինքնությունը։ Այդ պատճառով հատկապես կարևոր է խուսափել այնպիսի տվյալների հրապարակումից, որոնք կարող են նույնականացնել երեխային կամ բացահայտել նրա անձնական կյանքի մանրամասները։

Գործակալության կողմից նախկինում մշակվել են երեխաների վերաբերյալ անձնական տվյալների մշակման թեմայով ուղեցույցներ, որոնք նախատեսված են աջակցելու պետական մարմիններին, կրթական հաստատություններին, մասնագետներին, լրատվամիջոցներին և այլ դերակատարների՝ այս հարցերում առավել զգույշ և իրավաչափ գործելու համար։

ՀՀ արդարադատության նախարարությունը` ի դեմս Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, պատրաստակամ է համագործակցել գործընկեր կառույցների հետ, կազմակերպել իրազեկման աշխատանքներ և անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։

Source: https://news.am/hy/news/1036926