Կանադայում ձերբակալել են Օտտավայի 23-ամյա բնակիչ Ջեյքոբ Բաթլերին, որին ԱՄՆ և Կանադայի իշխանությունները կասկածում են պատմության մեջ ամենախոշոր բոտնետերից մեկի՝ Kimwolf-ի ստեղծման և կառավարման մեջ։ Քննության տվյալներով՝ ցանցն օգտագործվել է լայնածավալ DDoS հարձակումների համար և վերջին կես տարվա ընթացքում վարակել է իրերի ինտերնետի (IoT) միլիոնավոր սարքեր։ Այս մասին հայտնել է Krebs on Security (KoS) կայքը։
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Բաթլերը, որը հայտնի է Dort կեղծանունով, ձերբակալվել է Օնտարիո նահանգի ոստիկանության կողմից՝ արտահանձնման ամերիկյան օրդերի հիման վրա։ Այժմ նա գտնվում է կալանքի տակ Կանադայում և սպասում է դատական նիստին։
Քննության կարծիքով՝ Kimwolf-ը վարակել է սարքեր, որոնք սովորաբար թաքնված են բաց ինտերնետից, այդ թվում՝ վեբ-տեսախցիկներ և թվային ֆոտոշրջանակներ։ Այնուհետև վարակված համակարգերը վարձակալության են տրվել այլ կիբեռհանցագործների կամ օգտագործվել են հզոր DDoS հարձակումների համար, այդ թվում՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության IP հասցեների տիրույթների վրա ազդած հարձակումներում։
Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ բոտնետը կապված էր գրեթե 30 Տբիտ/վրկ հզորությամբ հարձակումների հետ, ինչը դարձել է նման միջադեպերի ռեկորդային ցուցանիշ։ Տուժած առանձին կազմակերպությունների վնասը գերազանցել է 1 մլն դոլարը, իսկ համակարգն ինքը, ըստ քննության վարկածի, կատարել է ավելի քան 25 հազար հրաման՝ հարձակումներ իրականացնելու համար։
Մարտին միջազգային իրավապահ մարմինները գործողություն իրականացրին Kimwolf-ի և ևս երեք խոշոր բոտնետերի՝ Aisuru, JackSkid և Mossad-ի ենթակառուցվածքն առգրավելու համար։ Ավելի ուշ քննիչները Բաթլերին կապել են ցանցի կառավարման հետ՝ IP հասցեների, առցանց հաշիվների տվյալների, ֆինանսական գործարքների և մեսենջերներում ունեցած նամակագրության միջոցով։
Կանադայում կասկածյալին առաջադրվել են մեղադրանքներ համակարգչային համակարգերի չարտոնված օգտագործման և համակարգչային հանցագործություններ կատարելու գործիքների ապօրինի տիրապետման համար։ ԱՄՆ-ում նրան նաև մեղադրանք է առաջադրվել համակարգչային կոտրումներ խթանելու համար։ Արտահանձնման և մեղավոր ճանաչվելու դեպքում Բաթլերին կարող է սպառնալ մինչև տասը տարվա ազատազրկում։
Source: https://news.am/hy/news/1037560
Kimwolf
Կանադայում ձերբակալել են աշխարհի խոշորագույն բոտնետերից մեկի՝ Kimwolf-ի սեփականատիրոջը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Kimwolf նորությունները Telegram-ում
Հետևիր Kimwolf թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։