Իսրայելի իշխանությունները Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների շարունակական վատթարացման պայմաններում դիտարկում են Ստամբուլում հյուպատոսության փակման հնարավորությունը։ Նման որոշման ընդունման դեպքում երկրում Իսրայելի միակ պաշտոնական ներկայացուցչությունը կմնա Անկարայում դեսպանատունը, հայտնում է Ynet-ը։

«Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Թուրքիայում Իսրայելի երկու դիվանագիտական ներկայացուցչություններն էլ՝ Անկարայում դեսպանատունը և Ստամբուլում հյուպատոսությունը, փաստացի գործում են առանց իսրայելցի դիվանագետների։ Թուրքիա գործուղված աշխատակիցներն այժմ տեղակայված են Բուլղարիայում, մինչդեռ տեղացի անձնակազմն աշխատում է հեռավար կարգով։

Իսրայելի ԱԳՆ-ում Ստամբուլի հյուպատոսության ապագայի վերաբերյալ միասնական տեսակետ չկա։ Պաշտոնյաների մի մասը կարծում է, որ դրա փակումը լուրջ սխալ կլինի, և զգուշացնում է՝ ապագայում դիվանագիտական ներկայացվածությունը վերականգնելը չափազանց դժվար կլինի։ Մյուսները, ընդհակառակը, կարծում են, որ աշխատակիցների հեռավար աշխատանքի պայմաններում դատարկ ներկայացուցչության պահպանումը պետական միջոցների անարդարացի վատնում է։

Լրացուցիչ գործոն է մնում Ստամբուլի հրեական համայնքը։ Ըստ գնահատականների՝ թուրքական ամենախոշոր քաղաքում ապրում է շուրջ 15 հազար հրեա, և հյուպատոսության փակումը կարող է ընկալվել որպես տեղի համայնքին աջակցելուց Իսրայելի հրաժարում։

Թուրքիայի հարցերով իսրայելցի փորձագետ, դոկտոր Հայ Էյտան Քոեն Յանարոջակը խստորեն քննադատել է հնարավոր որոշումը։ «Դա շատ լուրջ սխալ կլիներ»,- հայտարարել է նա։ Նրա բնորոշմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիայի պայմաններում դիվանագիտական ներկայության կորուստը կարող է գրեթե անդառնալի լինել։

Փորձագետն ընդգծել է, որ Թուրքիայում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունը ոչ միայն գործնական, այլև ռազմավարական նշանակություն ունի։

«Պետք է նայել նախևառաջ դիվանագիտական արժեքին, այլ ոչ թե ֆինանսական ծախսերին։ Դա մեզ վնաս կհասցնի»,- նշել է նա։

Յանարոջակը կարծում է նաև, որ հյուպատոսության առկայությունը կարող է ծառայել որպես ճնշման և դիվանագիտական մանևրների գործիք երկու երկրների հարաբերություններում։

Նրա բնորոշմամբ՝ իսրայելական հյուպատոսության միակողմանի փակումը հազիվ թե Անկարայի կողմից հայելային արձագանք առաջացնի։ Թուրքիան Թել Ավիվում իր դեսպանատունը դիտարկում է որպես Անկարայում իսրայելական դեսպանատան համարժեք, մինչդեռ Երուսաղեմում թուրքական հյուպատոսությունը Անկարան փաստացի ընկալում է որպես ներկայացուցչություն Պաղեստինում։

«Մենք պարզապես կկորցնենք կարևոր դիվանագիտական կետ Ստամբուլում։ Դա կլինի ինքնագոլ։ Բացի դրանից, հրեական համայնքն իրեն լքված կզգա»,- զգուշացրել է փորձագետը։

Իսրայելի ԱԳՆ-ից հայտնել են, որ հյուպատոսության փակման հարցով վերջնական որոշում դեռևս չի ընդունվել»։

Source: https://news.am/hy/news/1036680