Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության անդամներին հայտնել է, որ առայժմ իմաստ չկա Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը դնել քվեարկության, քանի որ դրա պայմանները չի ընդունում «Հեզբոլլահ» խմբավորումը, հայտնել է Ynet-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Այս պահին համաձայնություն չկա։ «Հեզբոլլահը» դեմ է դրան, հետևաբար ես էլ այն չեմ դնի կառավարության քվեարկությանը։ Եթե նրանք համաձայնեն, ապա այն կներկայացնեմ ձեզ՝ հաստատման համար», - ասել է նա։

Առանց կառավարության հավանության Իսրայելը պարտավոր չէ պահպանել հրադադարի համաձայնագրի պայմանները։

Ավելի վաղ Իսրայելն ու Լիբանանը ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվել էին պահպանել հրադադարի ռեժիմը՝ «Հեզբոլլահի» կողմից հարվածների լիակատար դադարեցման պայմանով։ Ֆորմալ առումով «Հեզբոլլահը» չէր ստանձնել այդ պարտավորությունները, քանի որ չէր մասնակցել բանակցային գործընթացին։ Հունիսի 4-ին «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտնել է, որ խմբավորումը համաձայն չէ հրադադարի պայմաններին և մտադիր չէ պահպանել այն։ Նա պահանջել է Իսրայելի զինվորականներին դուրս բերել Լիբանանի տարածքից։

Source: https://news.am/hy/news/1041210