Մոսկվայի Խամովնիկի դատարանը քննչական մեկուսարան է ուղարկել մոսկվաբնակ Խատունա Ատաշյանին, որը պրեմիում դասի հանգստի կազմակերպման ծառայություններ մատուցելու պատրվակով բլոգերներից դրամական միջոցներ է հափշտակել, հաղորդում է ТАСС-ի թղթակիցը։
«Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ մինչև օգոստոսի 3-ը ժամկետով»,- որոշումը հրապարակել է դատավորը։
Ինչպես ТАСС-ին հայտնել է մեղադրյալի փաստաբանը, պաշտպանական կողմը բողոքարկելու է նրա կալանավորումը վերաքննիչ ատյանում։
Ինչպես պարզել է քննությունը, մեղադրյալն սկսել է ակտիվորեն գովազդել իր գործունեությունը 2025 թվականի դեկտեմբերին։
Նրան մեղսագրվում է փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում խարդախության երեք դրվագի կատարում։ Այդ ընթացքում նա ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել 70 բլոգերների հետ։ Կնոջը հարցաքննել են պաշտպանի ներկայությամբ և առերեսումներ են անցկացրել տուժողների հետ։
Ատաշյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով, ինչպես նաև տուժողին զգալի վնաս պատճառելով խարդախության երեք դրվագի կատարման համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր)։ Նա ընդունել է իր մեղքը և հարցաքննության ժամանակ իրավիճակը բացատրել նրանով, որ չի ցանկացել որևէ մեկին խաբել, սակայն Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտության պատճառով, երբ հյուրանոցները, որոնց հետ ինքը համագործակցում էր, սկսել են չեղարկել ամրագրումները, նա ստիպված է եղել փակել մի հաճախորդների հանդեպ ունեցած պարտավորությունները հաջորդների հաշվին։
Source: https://news.am/hy/news/1041224