Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ համաշխարհային էներգետիկ անվտանգությունն այսօր մեծապես պայմանավորվում է Գլոբալ հարավի երկրների, հատկապես ԲՐԻԿՍ միավորման մասնակիցների կողմից, և կոչ է արել բլոկին ավելի ակտիվ դեր խաղալ արդար և կայուն համաշխարհային էներգետիկ կարգի ձևավորման գործում, հայտնում է Mehr-ը։

Ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի շրջանակում էներգետիկայի և անվտանգության ոլորտում համագործակցությանը նվիրված հանդիպման ժամանակ՝ նա նշել է, որ աշխարհաքաղաքական լարվածությունը, մատակարարման շղթաներում խափանումները, համաշխարհային շուկաների տատանողականությունը և զարգացող տնտեսություններում պահանջարկի աճը էներգետիկ անվտանգությունը դարձրել են գլոբալ կայունության և զարգացման առանցքային գործոն։

Ըստ Ջալալիի, էներգետիկ անվտանգությունը ներառում է ոչ միայն ռեսուրսների հասանելիությունը, այլև մատակարարումների և պահանջարկի կայունությունը, ինչպես նաև ներդրումների, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և ֆինանսների հարցերը։ Նա ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրները համատեղ պատասխանատվություն են կրում գլոբալ էներգետիկ անվտանգության ավելի արդար և կայուն համակարգի ձևավորման համար։

Դեսպանը հայտարարել է, որ էներգիան պետք է ծառայի զարգացմանն ու բարգավաճմանը, այլ ոչ թե օգտագործվի որպես քաղաքական ճնշման գործիք։ Նա նաև կոչ է արել զարգացնել «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, ընդլայնել լոգիստիկ և նավահանգստային ենթակառուցվածքները և ուժեղացնել ԲՐԻԿՍ-ի երկրների էներգետիկ ցանցերի փոխկապակցվածությունը։

Ջալալին նշել է, որ Իրանը չի հարձակվել որևէ երկրի վրա և միշտ հանդես է եկել հանուն խաղաղության, կայունության և անվտանգության։

Ըստ նրա, որպես ԲՐԻԿՍ-ի անդամ և էներգակիրների խոշոր արտադրող՝ Իրանը մտադիր է շարունակել կառուցողական դեր խաղալ գլոբալ էներգետիկ արդարության ապահովման գործում։

Source: https://news.am/hy/news/1041704