Ստամբուլում երկուշաբթի կանցկացվի արտաքին գործերի նախարարների 10-րդ հանդիպումը Թուրքիա–Ադրբեջան–Վրաստան եռակողմ ձևաչափով, հաղորդում է Daily Sabah-ը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կընդունի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին։

Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները կիրակի հայտնել են, որ հանդիպմանը կքննարկվի երեք երկրների միջև համագործակցության ընթացքը և համատեղ աշխատանքի ամրապնդման հետագա քայլերը։ Օրակարգում ներառված են տարածաշրջանային զարգացումները, արտաքին քաղաքականության հարցերը, համագործակցությունը Հարավային Կովկասում, տրանսպորտային և տարանցիկ ցանցերի ամրապնդումը, էներգետիկ անվտանգությունը և առևտրատնտեսական կապերի խորացումը, հայտնել են աղբյուրները։

Հանդիպմանը, ինչպես սպասվում է, Ֆիդանը կընդգծի Հարավային Կովկասի աճող ռազմավարական նշանակությունը աշխարհաքաղաքական անորոշության, տնտեսական անկայունության աճի և անվտանգության մարտահրավերների պայմաններում, ինչպես նաև այն, որ երկրների միջև եռակողմ համագործակցության մեխանիզմը ծառայում է որպես կարևոր և լուծումների վրա կենտրոնացած հարթակ՝ նպաստելով տարածաշրջանում կայունությանն ու բարեկեցությանը։

Ֆիդանը կընդգծի, որ Թուրքիայի սերտ և բազմակողմ հարաբերությունները Ադրբեջանի և Վրաստանի հետ մեծապես նպաստել են տարածաշրջանային կայունությանը և տնտեսական ինտեգրմանը։ Աղբյուրները նշում են, որ նախարարը նաև կմատնանշի Միջին միջանցքի աճող նշանակությունը մատակարարման գլոբալ շղթաների վերափոխման, էներգամատակարարման անվտանգության շուրջ քննարկումների և Եվրոպայի ու Ասիայի միջև կապակցվածության տեսանկյունից գեոտնտեսական դինամիկայի փոփոխության պայմաններում։

Միջին միջանցքը, որը հայտնի է նաև որպես Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի (ՏՄՏԵ), իրենից ներկայացնում է արագ զարգացող մուլտիմոդալ տրանսպորտային ցանց, որը համատեղում է երկաթուղային և ծովային փոխադրումները և Չինաստանն ու Հարավարևելյան Ասիայի երկրները կապում է Եվրոպայի հետ՝ Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով։

Այս միջանցքը, որը ձգվում է Չինաստանի հեռավոր արևելքից՝ Ղազախստանի և Ադրբեջանի միջով դեպի Թուրքիա և Եվրոպա, դիտվում է որպես կարևորագույն զարկերակ, որը շրջանցում է հակամարտության գոտիները՝ ներառյալ հյուսիսում Ռուսաստանն ու Ուկրաինան և հարավում Մերձավոր Արևելքը։

Այս համատեքստում, ինչպես սպասվում է, Ֆիդանը կընդգծի, որ տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի ամրապնդումը, լոգիստիկ ցանցերի զարգացումը և Միջին միջանցքում տրանսպորտային հնարավորությունների ընդլայնումը, հատկապես Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու մասով, համատեղ առաջնահերթություններից են։

Հունիսի 2-ին Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը նշեցին Եվրոպայի և Չինաստանի միջև առանցքային բեռնատար և ուղևորատար գծի լիարժեք շահագործման մեկնարկը։ Լինելով Միջին միջանցքի կարևոր մաս՝ Բաքու–Թբիլիսի–Կարս (ԲԹԿ) երկաթուղային գիծը գործարկվել է 2017 թվականին և այդ ժամանակից ի վեր զգալի դեր է խաղում Ասիայի և Եվրոպայի միջև կապերի ամրապնդման գործում։

Երեք երկրները նաև կապված են Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարով և Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարով։ Մինչև ԲԹԿ-ի գործարկումը Թուրքիայի և Կովկասի միջև առևտրային կապերը սահմանափակ էին։ Երթուղին սկսվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, անցնում Թբիլիսիով, այնուհետև Ախալքալաքի անցումային կայարաններով և ավարտվում Թուրքիայի հյուսիսարևելյան Կարս քաղաքում։ Գիծը Չինաստանի և Եվրոպայի միջև փոխադրման ժամանակը կրճատում է մոտ 15 օրվա, ինչը ավելի քան երկու անգամ արագ է ծովային երթուղուց։ Գնացքները կարող են մեկնել Չինաստանի քաղաքներից, անցնել Ղազախստանով՝ Խորգոսի շրջանում, Կասպից ծովով հասնել Բաքվի նոր նավահանգիստ, այնուհետև բեռնվել ԲԹԿ-ով և շարժվել դեպի Եվրոպա։

Ֆիդանը նաև կընդգծի ռազմավարական էներգետիկ նախագծերի կարևոր ներդրումը երեք երկրների և ավելի լայն տարածաշրջանի էներգետիկ անվտանգության գործում, ինչպես նաև էներգետիկայի և կայուն կապակցվածության ոլորտներում համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը։

Աղբյուրները հայտնել են, որ նա նաև կընդգծի կայուն խաղաղության, կայունության և Հարավային Կովկասում կարգավորման ռազմավարական նշանակությունը տարածաշրջանային բարգավաճման համար։ Բացի այդ, սպասվում է, որ նա կմատնանշի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վտանգը Հարավային Կովկասի, Սև ծովի և հարակից տարածաշրջանների համար, ինչպես նաև դիվանագիտական ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը՝ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտելու արդար և կայուն խաղաղության միջոցով։

Երեք երկրների արտաքին գործերի նախարարներն առաջին անգամ եռակողմ ձևաչափով հանդիպել են Թուրքիայի Տրապիզոն նահանգում 2012 թվականի հունիսին՝ քաղաքական երկխոսությունը ինստիտուցիոնալացնելու և տարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու նպատակով։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում 2024 թվականի մարտին։ Այդ հանդիպումներում քննարկվել են արտաքին քաղաքականությունը, տարածաշրջանային զարգացումները, տրանսպորտն ու կապակցվածությունը, էներգետիկ անվտանգությունը, առևտուրը և տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերը։

Source: https://news.am/hy/news/1041731