Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը և «Ղուդս» ստորաբաժանումը հայտարարել են ահաբեկչական խմբի ոչնչացման մասին, որը, նրանց տվյալներով, ծրագրում էր ներթափանցել Իրանի տարածքի խորքը, հայտնում է Mehr-ը։
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում գտնվող Սարավան քաղաքում։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն, խումբը բացահայտվել է մինչև գործողության մեկնարկը, որից հետո բախում է սկսվել, որի ընթացքում սպանվել է չորս ենթադրյալ գրոհային։
Հայտարարության մեջ նշվում է, որ փոխհրաձգության ընթացքում զոհվել է իրանական անվտանգության ուժերի մեկ զինծառայող։ Նշվում է նաև, որ խումբը ծրագրում էր առաջ շարժվել դեպի երկրի կենտրոնական նահանգներ։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ գրոհայիններից առգրավվել են զենք, զինամթերք և սարքավորումներ, այդ թվում՝ Starlink արբանյակային կապի տերմինալներ, որոնք, իրանական կողմի պնդմամբ, արտադրվել են ԱՄՆ-ում և Իսրայելում։
Առանձին ընդգծվում է, որ հետաքննության նյութերը և հետագա օպերատիվ միջոցառումները միտված են խմբի հնարավոր հանցակիցներին բացահայտելուն և ձերբակալելուն։
Source: https://news.am/hy/news/1041715