Երկրի արևելքում գտնվող Լեռնային Պապուա նահանգում անջատողականների հարձակման հետևանքով սպանվել է ութ ոսկեխույզ։ Այս մասին հայտնել է Jakarta Globe թերթը՝ հղում անելով զինվորականների հայտարարությանը։

Ըստ ստացված տվյալների՝ հարձակման հետևում կանգնած են «Ազատ Պապուա շարժում» (Free Papua Movement) անջատողական խմբավորման անդամները։ Վերջիններս խաղաղ բնակիչներին մեղադրել են Ինդոնեզիայի իրավապահ մարմինների հետ համագործակցելու և տեղեկատվություն տրամադրելու մեջ։ «Ի հեճուկս անջատողականների պնդումների՝ զոհվածները ոչ թե ուժայիններ են, այլ ոսկու արդյունահանմամբ զբաղվող հասարակ քաղաքացիներ», - նշել է զինվորականների ներկայացուցիչը։

Հարձակումից հետո անջատողականները դիմել են փախուստի։ Զինվորական ուժերը տարածք են ուղարկել լրացուցիչ ստորաբաժանումներ ու ուղղաթիռներ՝ նրանց հայտնաբերելու նպատակով։ Հայտարարվել է նաև տվյալ գոտում պարեկային հսկողության խստացման մասին։ Այս պահին իրականացվում են զոհվածների մարմինները դեպքի վայրից տեղափոխելու աշխատանքները։

Նշվում է, որ հարձակումից հետո անջատողականները տեսաուղերձ են հրապարակել, որում ստանձնել են հարձակման պատասխանատվությունը և ոսկեխույզներին մեղադրել հետախուզական գործունեության մեջ։

Source: https://news.am/hy/news/1037150