Էստոնիայի ԱԳՆ-ն այսօր՝ մայիսի 21-ին, կանչել է Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի դեմ շարունակվող ապատեղեկատվական արշավի վերաբերյալ նոտա հանձնելու համար, ասված է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Էստոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ երկիրը «վճռականորեն դատապարտում է Էստոնիայի և մերձբալթյան մյուս երկրների դեմ Ռուսաստանի Դաշնության շարունակվող ապատեղեկատվական արշավը և Ռուսաստանի Դաշնության իշխանություններից պահանջում է անհապաղ դադարեցնել ստի, հրապարակային սպառնալիքների ու սադրանքների տարածումը»։

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Էստոնիան թույլ չի տալիս իր տարածքի կամ օդային տարածության օգտագործումը Ռուսաստանում թիրախների վրա հարձակվելու համար»,— հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։

«Հակառակ պնդումները ռուսական քարոզչության հերթական օրինակն են, որոնք չեն համապատասխանում իրականությանը, և նրանք դա գիտեն»,- նշել է նա։

«ՆԱՏՕ-ի անդամ մեկ երկրին ուղղված սպառնալիքը սպառնալիք է ամբողջ ՆԱՏՕ-ին: Մենք նաև հստակ և հետևողական ուղերձ ենք ստացել Բրյուսելից առ այն, որ մեր դաշնակիցներն աջակցում են մեզ»,- ասել է Ցահկնան։

«Էստոնիան, Լիտվան և Լատվիան ընդգծել են, որ մեր օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմի ուղղակի հետևանքն է, և Ուկրաինան լիակատար իրավունք ունի պաշտպանվելու և հարվածներ հասցնելու ռուսական ռազմական օբյեկտներին, որոնք սնուցում են նրա ռազմական մեքենան»,- նշվում է Էստոնիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Source: https://news.am/hy/news/1037311