ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի լրագրողներին հայտարարել է, որ չնայած Պակիստանը և տարածաշրջանային մյուս դաշնակիցները քրտնաջան աշխատում են Իրանում տիրող իրավիճակի դիվանագիտական կարգավորման ուղղությամբ, իսկ որոշ պաշտոնյաներ այսօր մեկնում են Թեհրան, Վաշինգտոնը նախկինի պես պատրաստ է առաջարկելու այլընտրանքային ծրագրեր, հաղորդում է Associated Press-ը։

«Նախագահը գերադասում է շահավետ գործարք կնքել։ Դա նրա նախապատվությունն է։ Դա միշտ եղել է նրա նախապատվությունը։ Եթե մենք կարողանանք շահավետ գործարք կնքել, դա հիանալի կլինի,- ասել է նա։- Բայց եթե չկարողանանք շահավետ գործարք կնքել, նախագահը հստակ հասկացրել է, որ ինքն ունի այլ տարբերակներ»։

Ըստ Ռուբիոյի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող բանակցություններում «լավ նշաններ» կան, թեև դրանք արդեն մի քանի շաբաթ է, ինչ ընթանում են՝ երկարամյա հակառակորդների միջև պատերազմի կայուն դադարեցման հասնելու համար։

«Ես չեմ ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել... Կարծում եմ՝ որոշակի առաջընթացի հասել ենք,- ասել է Ռուբիոն։- Բայց ակնհայտ է, որ մենք գործ ունենք մի համակարգի հետ, որն ինքնին մի փոքր պառակտված է»։

Source: https://news.am/hy/news/1037328