Չինաստանը հետևողական և միանշանակ դիրքորոշում ունի Թայվան կղզուն ամերիկյան հնարավոր սպառազինության մատակարարման հարցում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը։

«Թայվանի տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը հետևողական է ու հստակ»,- ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած այցի արդյունքները։

Չինացի դիվանագետը հավելել է, որ այս խնդրի վերաբերյալ ավելի մանրամասն պարզաբանումներ կարող է տալ Չինաստանի պաշտպանության նախարարությունը։ Նախկինում Պեկինը բազմիցս շեշտել է, որ կղզուն տրամադրվող սպառազինության վաճառքն անընդունելի է։

Գո Ծյակունն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահի՝ Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեին զանգահարելու մտադրությանը, որի նպատակը զենքի մատակարարման գործարքի քննարկումն է։ «Չինաստանը կտրուկ դեմ է ԱՄՆ-ի և Թայվանի միջև ցանկացած պաշտոնական շփման կամ զենքի վաճառքին. սա մեր անփոփոխ ու հաստատակամ դիրքորոշումն է»,- նշել է նա։ Դիվանագետը շեշտել է, որ Վաշինգտոնը պետք է հարգի երկու երկրների առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, տեր կանգնի իր խոստումներին և Թայվանի հարցում ցուցաբերի ծայրահեղ զգուշավորություն։ Չինական կողմը հորդորել է ԱՄՆ-ին դադարեցնել սխալ ազդակներ ուղարկել կղզու անկախության կողմնակիցներին և գործնական քայլերով ապահովել Թայվանի նեղուցի խաղաղությունը։

Source: https://news.am/hy/news/1037214