Առնվազն մեկ անօդաչու թռչող սարք է ներխւժել Լատվիայի օդային տարածք։ Այս մասին հայտնել են երկրի Ազգային զինված ուժերը (NBS)։ Սա տեղի է ունենում արդեն երրորդ օրն անընդմեջ։

Ի սկզբանե լատվիական բանակն առավոտյան ժամը 11-ի սահմաններում հայտնել էր Լուձայի, Կրասլավայի, Ռեզեկնեի և Աուգշդաուգավայի շրջանների օդային տարածքում հնարավոր սպառնալիքի մասին։ Սրանք Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանակից գոտիներ են։ Կրասլավայի շրջանի տեղական իշխանությունները Leta գործակալությանը հաստատել են, որ շրջանի տարածքի վրայով թռչող դրոն է արձանագրվել։

Լուձայի, Ռեզեկնեի և Կրասլավայի շրջաններում գնացքների երթևեկությունը դադարեցվել է, գրում է Delfi-ն՝ հղում անելով լատվիական երկաթուղու օպերատոր «AS Pasažieru vilciens» ընկերությանը։

Վերջին ամիսներին անօդաչու թռչող սարքերն ավելի հաճախ են ներխուժում Հյուսիսային Եվրոպայի երկրների օդային տարածք։ Ֆիննական Iltalehti պարբերականի՝ ՆԱՏՕ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանի զինված ուժերը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով փորձում են փոխել ուկրաինական դրոնների հետագիծը։ Նպատակն այն է, որ դրանք ուղղվեն դեպի Ռուսաստանի հետ սահմանակից եվրոպական երկրներ։

Մայիսի սկզբին Ռուսաստանի կողմից երկու ուկրաինական անօդաչու է ներխուժել Լատվիայի օդային տարածք, ինչից հետո քաղաքական ճգնաժամ է սկսվել երկրում։ Կատարվածի ֆոնին իշխող կոալիցիան փաստացի փլուզվել է, և կառավարությունը հրաժարական է տվել։

Source: https://news.am/hy/news/1037203