Տավուշի մարզում մայիսի 15–ին հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 03:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Գայի փողոցի 78 հասցեում ավտոմեքենա է այրվում։

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից, «Lexus» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատեր 62-ամյա Արմեն Հ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Քաղաքացին իրավապահներին հայտնել է, որ ավտոմեքենան հրկիզելու հետևանքով իրեն պատճառվել է 10 մլն ՀՀ դրամի վնաս։

Source: https://news.am/hy/news/1037304