Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է ՀՀ ԶՈՒ նոր զինանշանը և պարզաբանել, թե ինչու են փոխել զինանշանը։
«Հարգելի՛ հայրենակիցներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը»,- տեսանյութին կից գրել է նա:
Տեսանյութում անդրադարձ է կատարվում զինանշանի արդիականացման անհրաժեշտության պատճառներին:
«2001 թվականին հաստատված և Հայաստանի Հանրապետության ԶՈՒ նախկին զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ, ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաև զինանշանի արդիականացման, սրբագրման գործընթացը:
Նախկին զինանշանի հիմնական կերպարը՝ արծիվը, ունի հերալդիկ և գեղագիտական էական թերություններ. արծիվը պատկերված է փակ կտուցով: Հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը, բացակայում է արծվի իրանը՝ այն ձուլված է ընդհանուր մակերեսին՝ ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակերպ պատկեր, բացակայում են արծվի վերջույթները, ճանկերը, զենքը: Սա ստեղծում է անդամահատված, անզոր, խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար:
Նախկին զինանշանում սուրը տեղադրված է վահանի հետևում, ինչը հերալդիկայում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է: Սակայն ՀՀ բանակի առաքելությունը ՀՀ ինքնիշխան տարածքի տարածքային ամբողջականության պաշտպանությանը մշտապես պատրաստ լինելն է:
Զինանշանի նախկին տարբերակում առկա է պետական դրոշի պատկերման կոպտագույն սխալ, այն ներկայացված է ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ մասնատված է առանձին ժապավենների կամ կտորների. դրոշի այսպիսի աղավաղումը խորհրդաբանորեն կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն»,- նշվում է տեսանյութում:
Տրվում է նաև ՀՀ բանակի նոր զինանշանի նկարագրությունը.
«Նոր զինանշանի կենտրոնական կերպարը՝ արծիվը, վերաիմաստավորվել է. պատկերված է լիակատար կենդանի և ամբողջական մարմնավորմամբ. հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը և ճանկերը՝ հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները:
Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի և ուժի իրավունք: Որպես թագադիր գիշատիչ արծվի հստակ և դինամիկ կեցվածքը ուղղակիորեն խորհրդանշում է ՀՀ բանակի արթնությունն ու մարտական ոգին: Այն մարմնավորում է բանակի առաքելությունը՝ պաշտպանել ՀՀ անկախությունը, սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը:
Նոր զինանշանում արծվի կերպարն ամրապնդվում է նրա հետևում շողացող ոսկեգույն արևով, որի ճառագայթները հստակորեն ծավալվում են շրջանաձև: Արևն այստեղ հանդես է գալիս որպես լույսի և կենսունակության խորհրդանիշ՝ մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը: Ընտրված ոսկեգույնը պատահական չէ. այն հավերժականության, բարեկեցության և իշխանության գույնն է: Արևի տեղադրությունն արծվի թիկունքում ընդգծում է այն սրբազան արժեքները, որոնք գտնվում են պետության, արծվի հովանու և պաշտպանության ներքո: Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահան, որը զարդարված է հայկական ութաթև արևախաչով, իսկ կենտրում՝ սերմնահատիկով՝ որպես ՀՀ բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ: Սերմը մարմնավորում է ապագա զինվորներին, որոնք ռազմի դարբնոցում պիտի ծլարձակեն, ծառ ու պտուղ դառնան և հավերժական անընդհատության խորհրդով նորից սերմ տան: Վահանը արծվի վրա պաշտպանության խորհրդանիշ է: Արծիվն իր երկու ճանկերում բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր, ձախում՝ ոսկեգույն սուր, իսկ աջում՝ ՀՀ բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչը՝ ՀՀ բանակի զինվորական թալիսմանը: Սուրն արծվի ճանկում խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը: Զինանշանի վերին հատվածում պատկերված է ՀՀ պետական դրոշի եռագույնը և ՀՀ քարտեզը: Այս տարրերը զինանշանը ներդաշնակորեն կապում են ՀՀ-ի հետ՝ ընդգծելով, որ բանակն անվտանգության երաշխավորներից մեկն է:
Կերպափոխման հայեցակարգով նախատեսված բարեփոխումները ՀՀ բանակում շարունակվում են»,- հայտնում են տեսանյութում:
Source: https://news.am/hy/news/1038708
Armenia
Առկա էին գաղափարաբանական թերություններ. ՊՆ-ն պարզաբանել է, թե ինչու է փոխել բանակի զինանշանը (վիդեո)
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։