Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Մեղրիում մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում պարզաբանել է «քաղաքակիրթ ապահարզանի» մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը։
«Հավանաբար նկատել եք, որ Ռուսաստանի նախագահը շատ համբերատար է և ջանում է նրբանկատ արտահայտություններ օգտագործել։ Սակայն ողջ պատմությունն ու նրա գործունեությունը թույլ են տալիս գնահատել՝ գալիս է մի պահ, երբ համբերության բաժակը լցվում է, և՛ ինքը, և՛ երկիրը պատրաստ են լինում շատ կտրուկ քայլերի։ Նայե՛ք, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ։ Մինչ այդ համբերատար կերպով փորձում էին հարթել իրավիճակը։ Ուկրաինայի դեպի Արևմուտք և ՆԱՏՕ շարժումը սկսվել է իմ պաշտոնավարման ժամանակ։ Ես տեսել եմ, թե ինչպիսի համբերությամբ էին փորձում զսպել դա՝ Յուշչենկոյի օրոք։ Այստեղ նույն մոդելն է»,- նկատել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ համբերատար ու զուսպ վերաբերմունքը սխալ է ընկալվում, և իրավիճակը 2-3 զանգով հնարավոր չէ փոխել։
Մեկնաբանելով ընդդիմության հասցեին իշխանությունների մեղադրանքները, թե այն իբր կառավարվում է Կրեմլից, Քոչարյանն առաջարկել է դիտարկել, թե ով է առաջինը քայլեր ձեռնարկում։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը նույնպես կարող է ասել, որ իշխանությունները կառավարվում են Բրյուսելից, Վաշինգտոնից կամ մեկ այլ կենտրոնից։ Քաղաքական գործիչը նշել է, որ գործում է հասարակությունը պառակտելու նույն սկզբունքը. նախկինում՝ սևերի ու սպիտակների, հների ու նորերի, իսկ այժմ՝ արևմտամետների ու ռուսամետների։
«Դա տվյալ մարդու էությունն է՝ պառակտել ու ատելություն սերմանել, և այդ լարվածության մեջ փնտրել իր տեղն ու առաջ մղել սեփական օրակարգը»,- նշել է Քոչարյանը։ Նա կրկնել է նախկինում բազմիցս հնչեցրած այն պնդումները, որ Հայաստանի բնակչության 80 տոկոսի բարեկեցությունն այս կամ այն կերպ կապված է Ռուսաստանի հետ։ «Եթե դու առաջ ես մղում Հայաստանի շահերը, դառնո՞ւմ ես Ռուսաստանի ագենտ։ Ես ուղիղ հակառակ գնահատականը կտայի. երբ վարում ես երկրի շահերին 180 աստիճանով հակառակ քաղաքականություն, դա ինչպե՞ս անվանել։ Գուցե հենց դա՞ է գործակալի գործառույթը՝ քայլեր ձեռնարկել սեփական ժողովրդի ու երկրի շահերի դեմ՝ հանուն այլ երկրների աշխարհաքաղաքական շահերի, Ռուսաստանին ցավ պատճառելու և նրան տարածաշրջանից հեռացնելու համար»,- նշել է քաղաքական գործիչը։ Նա այս գաղափարների կողմնակիցներին առաջարկել է առարկայորեն հիմնավորել իրենց տեսակետը։ «Առարկայական խոսակցություն չկա։ Պիտակավորումը վկայում է փաստարկների բացակայության մասին»,- եզրափակել է Քոչարյանը։
Source: https://news.am/hy/news/1038718
Armenia
Ռուսաստանը մինչև հակամարտության սկիզբը շատ համբերատար կերպով փորձում էր հարթել Ուկրաինայի հետ իրավիճակը․ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։