Գործող իշխանությունները Ղարաբաղի հարցի և ղարաբաղցիների վերադարձի թեմայի բարձրաձայնումը համարում են կոնֆլիկտածին գործոն, որն իբր մեծացնում է պատերազմի վտանգը, սակայն իրականում դա անօտարելի իրավունք է, որը պետք է ծառայի ոչ թե որպես վախի առիթ, այլ գործիք՝ բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերն ամրապնդելու համար։ Այս մասին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գլխավորում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ բնիկ հայ բնակչության՝ հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունքը հենվում է միջազգային նորմերի և Եվրոպական դատարանի հայտարարությունների վրա, ուստի Բաքվի համար չափազանց բարդ կլինի դիմակայել լեգիտիմ իրավական փաստարկներին, եթե Հայաստանը սկսի դրանք գրագետ կերպով հիմնավորել։ Քոչարյանը նշել է. «Այս պահին դա իրատեսակա՞ն է, թե՞ ոչ։ Թերևս, հենց այս պահին՝ անիրատեսական է։ Բայց խոսքը պետք է գնա հենց երաշխավորված, անվտանգ վերադարձի մասին, և դա բացարձակապես իրատեսական է ապագայում»։

Երկրորդ նախագահը հավելել է, որ Ադրբեջանի համար այս օրակարգը չափազանց բարդ է միջազգային հարթակներում, հենց այդ պատճառով էլ հայկական դիվանագիտությունը պետք է ոչ թե լռության մատնի խնդիրը, այլ հետևողականորեն օգտագործի այն բանակցություններում։ Ընդդիմադիր գործիչը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ միտումնավոր խուսափում է սեփական նախընտրական ծրագրի՝ Ղարաբաղին կամ եկեղեցու ղեկավարությանը փոխելու փորձերին վերաբերող կետերի քննարկումից։ Քոչարյանն ասել է. «Ես ունեմ այս հարցի պատասխանը, ենթադրաբար կարող եմ ասել հետևյալը. նա հասկացել է, որ զուտ նախընտրական տեսանկյունից ձեռնտու չէ շատ խոսել այդ մաիսն»։ Նախկին-նախագահը վստահություն է հայտնել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հույսը դրել է այն բանի վրա, որ «հասարակությունը դժվար թե լավ կարդա ծրագիրը, և իրենք էլ գրեթե չեն խոսում այդ փաստաթղթի մասին»։

Ինչպես նշել է Ռոբերտ Քոչարյանը՝ «մենք անընդհատ հիշեցնում ենք իրենց ծրագրային այդ կետերը, իսկ թե ինչո՞ւ են նրանք ընդհանրապես դա գրել ծրագրում՝ կարծում եմ, ինչ-որ տեղից հրահանգ են ստացել, որովհետև այլ բացատրություն այստեղ չկա»։ Քաղաքական գործչի կարծիքով՝ Փաշինյանը, մի կողմից, խուսափում է հանրայնությունից, որպեսզի դա չազդի քաղաքացիների նախընտրական տրամադրությունների վրա, իսկ մյուս կողմից՝ ներառել է այդ կետերը փաստաթղթում, որպեսզի հարմար պահին արտաքին ուժերին հայտարարի՝ «դե գիտեք, դա իմ ծրագրում կար»։ Ամփոփելով ազգային շահերի պաշտպանության թեման՝ Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ սահմանամերձ Մեղրիում լրագրողների հետ հանդիպման անցկացումը խորապես խորհրդանշական բնույթ է կրում։ «Ուժեղ և ինքնիշխան Հայաստանն անհնար է առանց արժանապատվության զգացումի վերականգնման, Ղարաբաղի հարցում հստակ ու անզիջում դիրքորոշման, ինչպես նաև նրա տեղահանված բնակչության իրավունքների հուսալի պաշտպանության, և «Հայաստան» դաշինքն այս օրակարգը դարձնելու է իր պետական քաղաքականության առանցքային առաջնահերթությունը»,- եզրափակել է ընդդիմադիր ուժի առաջնորդը։

Source: https://news.am/hy/news/1038720