ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգշաբթի հայտարարել է Լիբանանում ինը ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Լիբանանում խաղաղ գործընթացին և «Հըզբոլլահ» շարժման զինաթափմանը խոչընդոտելու համար։

Ըստ գերատեսչության հայտարարության՝ «Հըզբոլլահ»-ին առնչվող պաշտոնյաները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, «ձգտում են պահպանել Իրանի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորման ազդեցությունը Լիբանանի առանցքային պետական կառույցների վրա»։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, մասնավորապես, պատժամիջոցներ է սահմանել «Հըզբոլլահ»-ից խորհրդարանի անդամներ Հասան Ֆադլալլահի, Իբրահիմ ալ-Մուսավիի և Հուսեյն ալ-Հաջ Հասանի, ինչպես նաև խորհրդարանի նախկին անդամ և նախարար Մոհամմեդ Ֆնիշի նկատմամբ։

Պատժամիջոցները վերաբերում են նաև Լիբանանում Իրանի նշանակված դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին, որը հայտարարվել էր «անցանկալի անձ», ինչպես նաև «Ամալ» շարժման անվտանգության ծառայության աշխատակիցներ Ահմադ Ասաադ Բաալբակիին և Ալի Ահմադ Սաֆավիին։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ազգային անվտանգության դեպարտամենտի պետ, բրիգադային գեներալ Խաթար Նասեր Էլդինի և Դահիայում բանակի հետախուզական վարչության պետ, գնդապետ Սամիր Համադիի նկատմամբ՝ անցյալ տարի շարունակվող հակամարտության ընթացքում «Հըզբոլլահին» կարևոր հետախուզական տվյալներ փոխանցելու համար։

Source: https://news.am/hy/news/1037359