Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է այս շաբաթ տեղեկացնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին այն ռազմական կարողությունների ծավալը կրճատելու մտադրության մասին, որոնք ԱՄՆ-ը պատրաստ է տրամադրել դաշինքի եվրոպական երկրներին խոշոր ճգնաժամի դեպքում։ Դրա մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։

NATO Force Model («ՆԱՏՕ-ի ուժերի մոդել») անվամբ հայտնի մեխանիզմի շրջանակում դաշինքի անդամ երկրները սահմանում են հասանելի ուժերի քանակը, որոնք կարող են գործարկվել հակամարտության կամ այլ խոշոր արտակարգ իրավիճակի՝ օրինակ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա հարձակման ժամանակ։

Թեև պատերազմական ժամանակաշրջանի այդ ուժերի հստակ կազմը գաղտնի է պահվում, Պենտագոնը որոշել է զգալիորեն կրճատել իր պարտավորությունները, անանունության պայմանով հայտնել են աղբյուրները։

Թրամփը բազմիցս հասկացնել է տվել, որ եվրոպական երկրներից ակնկալում է, որ նրանք կստանձնեն մայրցամաքի անվտանգության հիմնական պատասխանատվությունը՝ Միացյալ Նահանգների փոխարեն։ Դաշնակիցներին ուղղված առաջիկա հայտարարությունները կդառնան այս քաղաքականության իրականացման կոնկրետ հաստատումը։

Առայժմ անհայտ է մնում, թե որքան արագ է Պենտագոնը մտադիր ճգնաժամային պարտականությունները փոխանցել եվրոպական դաշնակիցներին։ Սակայն, ըստ աղբյուրների, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծրագրում է պաշտոնապես հայտարարել իր մտադրությունների մասին ուրբաթ ՝ Բրյուսելում անցկացվելի ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության ղեկավարների հանդիպմանը։

Պենտագոնի քաղաքական վարչության ղեկավար Էլբրիջ Քոլբին ավելի վաղ հրապարակավ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի օգտագործել իր միջուկային զինանոցը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության համար, նույնիսկ եթե եվրոպական դաշնակիցները առաջատար դեր ստանձնեն սովորական զինված ուժերում։

Ինչպես հայտնել են աղբյուրները, , ամենայն հավանականությամբ, հանդիպմանն ԱՄՆ-ը կներկայացնի Ալեքս Վելեզ-Գրինը՝ Քոլբիի հիմնական օգնականներից մեկը։ ԸստReuters-ի զրուցակիցներից մեկի՝ NATO Force Model-ի վերանայումը դարձել է Քոլբիի թիմի գլխավոր առաջնահերթություններից մեկը հուլիսին Թուրքիայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ։

ՆԱՏՕ-ի դաշինքն աննախադեպ լարվածություն է ապրում. որոշ եվրոպական երկրներ մտավախություն ունեն, որ Վաշինգտոնը կարող է ամբողջությամբ դադարեցնել իր մասնակցությունը։ Պատերազմի դեպքում հասանելի ամերիկյան ուժերի զգալի կրճատումը միայն կուժեղացնի այդ մտավախությունները։

Reuters-ի աղբյուրներից մեկը և իրավիճակին ծանոթ ևս մեկ զրուցակից հայտնել են, որ Կոնգրեսի օգնականները տեղյակ են Պենտագոնի ծրագրերին և մտահոգված են NATO Force Model-ի շրջանակում ԱՄՆ պարտավորությունների կրճատմամբ։

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ դաշնակիցները դեռևս ելնում են այն կանխավարկածից, որ ԱՄՆ-ը օգնության կհասնի Եվրոպային լուրջ սպառնալիքի դեպքում։

Source: https://news.am/hy/news/1036766